Դատարան հայցադիմում ներկայացնելու համար շուտով անհրաժեշտ չի լինի թղթերի կապոց հավաքել. հնարավորություն կստեղծվի քաղաքացիական հայցերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Ունենք գործեր, երբ կից ներկայացվող փաստաթուղթն ինքնին էլեկտրոնային փաստաթուղթ է, և քաղաքացին այժմ ստիպված արտատպում է թղթի վրա այդ բազմաթիվ թղթերով փաստաթուղթը, կցում է հայցադիմումին և ուղարկում է: Պետական տուրքն է հնարավոր լինելու վճարել էլեկտրոնային: Այժմ, օրինակ՝ քաղաքացին գնում է բանկ, ժամերով հերթ է կանգնում, վճարումը կատարում է, անդորրագիրը վերցնում է թղթային եղանակով, կցում է հայցին, նոր ուղարկում է:
Արդարադատության նախարարության հեղինակած օրենքի նախագծով՝ նոր ստեղծվելիք դատական միասնական էլեկտրոնային կառավարման հարթակով կապահովվի դատական ատյանների և նստավայրերի միջև փաստաթղթերի փոխանցումը, կողմերի ծանուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի համոզմամբ՝ բարեփոխումը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը:
Լիանա Թովմասյան - Քաղաքացին հայցը հանձնեց փոստային բաժանմունք, պետք է սպասի օրեր, մինչև հայցը հասնի դատարանի գրասենյակ, այնուհետև հոսեն ժամկետները, գրասենյակ, մակագրություն, դատավորի կողմից վարույթ ընդունել և այլն: Մենք ունենում ենք դեպքեր, երբ դատավորը գալիս է նշանակված նիստին ու բացահայտում է, որ քաղաքացին չի ստացել իր նիստի վերաբերյալ առաքման ծանուցագիրը:
Միասնական հարթակի գործարկումից հետո էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի ներկայացնել նաև միջնորդություններն ու ապացույցները: Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի ավագ իրավաբան Անի Միքայելյանը նշում է՝ երաշխավորվելու է դատական տվյալների գաղտնիությունը կողմնակի սուբյեկտներից:
Անի Միքայելյան (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան) - Նախագծերի փաթեթով հստակ նախատեսվել է, որ եթե, օրինակ, դատարանը գործով մասնակիցներից որևէ մեկին հանում է դատավարության մասնակիցների կազմից, իր համար հասանելիությունը փակվում է տվյալ դատական գործի, այսինքն՝ այդ բոլոր կարգավորումները նախատեսվել են: Այդ թվում՝ հակառակը, երբ որ նոր անձ է ներգրավվում դատավարությանը, իր համար հասանելիությունն արդեն բացվում է:
Եթե քաղաքացին հրաժարվի էլեկտրոնային եղանակով դատավարությունից, այն տեղի կունենա գործող տարբերակով: Օրենքով, սակայն, նախատեսված է սուբյեկտների շրջանակը, որոնց համար էլեկտրոնային եղանակով գործերի վարումը պարտադիր կլինի:
Անի Միքայելյան - Դրանք փաստաբաններն են, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սնանկության գործով կառավարիչները, քաղաքացիական դատավարությունում գնումների գործերով պատասխանողները, վարչական դատավարությունում վարչական մարմինները, իսկ մնացած քաղաքացիների համար, ովքեր փաստաբան չունեն, էլեկտրոնային համակարգը պարտադիր է դառնալու, երբ որ նրանք առնվազն մեկ անգամ համակարգով կատարեն որևէ գործողություն:
Քաղաքացիական վարույթների համար էլեկտրոնային հարթակի գործարկումը ծրագրված է այս տարի: Օրենքի նախագիծը հանրային քննարկման փուլում է: Նախատեսվում է առաջիկայում նման հարթակներ ստեղծել նաև վարչական և քրեական վարույթների համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան