Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի՝ Twitter-ում կատարած գրառումը, որով նա սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին։
Այս մասին EUobserver-ին հայտնել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոն, որը գլխավորել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հայաստանում։
Նա տեղեկացրել է, որ Սադիգովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Մեցոլային և Բորելին։ Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է, և հավելել․ «Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»։
Բորելի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանին կանչել են Արտաքին կապերի եվրոպական ծառայություն, նշել, որ ակնկալում են, որ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք այլևս չի դրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։
Լուազոն նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեսպանի գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին․ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևն անձամբ էլ նման հռետորաբանություն է օգտագործում։
Պարբերականը, սակայն, նշում է, որ դեսպանի գրառումը դեռևս հեռացված չէ Twitter-ից, ինչն առաջացրել է ԵԽ պատգամավորների վրդովմունքը: Նրանք հույս են հայտնել, որ «Ատելության խոսքի տարածման դեմ» օրինագծի ընդունումից հետո սոցիալական կայքերն օգտատերերին այլևս չեն թույլատրի նման գրառումներ կատարել: