Իսրայելում այսօր առավոտյան ցուցարարները փակել են ճանապարհներ և ցույց են անցկացրել Բեն Գուրիոն օդանավակայանում՝ դժգոհելով դատաիրավական բարեփոխումների վիճահարույց փաթեթը Կնեսետում առաջին ընթերցմամբ ընդունումից։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Ցուցարարները մի շարք մայրուղիներ են փակել Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում: Ճանապարհներից մեկում ցուցարարները վրաններ են տեղադրել և անվադողեր այրել: Ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրել են մայրուղուց:
Երեկ երեկոյան Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ձայների 64 կողմ և 56 դեմ հարաբերակցությամբ ընդունել է դատաիրավական բարեփոխումների փաթեթը: Դատական բարեփոխումների դեմ հանդես եկող ուժերը պնդումն են, որ դրանց միջոցով խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, և կառավարությունը վերահսկողություն է ստանում դատական իշխանության նկատմամբ: Ընդդիմությունը նշում է՝ դատական բարեփոխումը կարող է սպառնալիք դառնալ Իսրայելում ժողովրդավարության համար։
Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը պարբերաբար անցկացվում են դեռ հունվարի կեսից։ Կառավարության և ընդդիմության բանակցությունները փոխզիջման չեն հանգեցրել։