ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողներին հետաքրքրող հիմնական թեմաներին՝ Կրեմլում Եվգենի Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ հանդիպմանը, «Ազով» գումարտակի զինյալներին Ուկրաինային հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև ռուբլու թուլացման ֆոնին ՌԴ տնտեսության հետ կապված իրավիճակին:
Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հունիսի 29-ին Պուտինը Կրեմլում գրեթե երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է 35 հոգի: Պուտինը գնահատել է Վագների գործողությունները ռազմաճակատում և հունիսի 24-ի իրադարձությունները, լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել է աշխատանքի տեղավորման ու մարտական գիտելիքի օգտագործման տարբերակներ։
«Վագների» հրամանատարներն էլ Պուտինին են ներկայացրել իրադարձությունների իրենց վարկածը, ընդգծելով, որ իրենք պետության ղեկավարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Պեսկովի, Անկարան «լիովին իրավունք ունի» կապեր հաստատել Կիևի հետ: Միաժամանակ Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի Մոսկվայի դեմ:
«ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններն իսկապես բազմակողմանի են, սակայն մի շարք հարցերում տարաձայնություններ կան։ Մոսկվան որպես պայմանավորվածությունների խախտում է ընկալում ՌԴ-ում արգելված «Ազով» ազգայնական խմբավորման պարագլուխների վերադարձն Ուկրաինա։ Իրավիճակը կքննարկվի բարձր մակարդակով, Ռուսաստանը կներկայացնի իր դիրքորոշումը և ակնկալում է պարզաբանումներ ստանալ Թուրքիայից»,- ասել է Պեսկովը և հավելել, որ «ազովականների» վերադարձի հետ կապված իրավիճակը հաշվի կառնվի տարբեր ոլորտներում Թուրքիայի հետ հաջորդ պայմանավորվածությունների ժամանակ: Գազային հանգույցի իրականացման հեռանկարներն էլ կապված չեն «ազովականների» հանձնման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, ըստ Պեսկովի, Ռուսաստանը մնում է իր դիրքորոշմանը՝ դաշինքին Ուկրաինայի հնարավոր միացումը «շատ, շատ բացասական հետևանքներ» կունենա Եվրոպայի անվտանգության վրա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանգստացրել է ներկաներին՝ նշելով, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն ավելի լավ է, քան կարելի էր կանխատեսել։ Ռուբլու թուլացման պատճառով Ռուսաստանի ֆինանսական կայունությանը սպառնալիք չկա: