Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կներդրվեն Պրոբացիոն ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ: Այդ նպատակով գործադիրը հատկացրել է 85 մլն դրամ: Պրոբացիոն ծառայությունն աշխատանքներն այժմ իրականացնում է Երևանում, մարզային 27 գրասենյակում և Արարատի մասնագիտական ուսումնական կենտրոնում: Շարժական գրասենյակների կարիքն առաջացել է, քանի որ Պրոբացիայի ծառայության գործառույթները կրկնապատկվել են:
Գևորգ Սիմոնյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ) - Տարեցտարի Պրոբացիայի ծառայությունում ավելանում են դատական ակտերի քանակը: 2022-ին 1 օրվա միջին ցուցանիշը եղել է 3300 շահառու, այսինքն՝ այդքան անձ գտնվել է հաշվառման մեջ 1 օրվա կտրվածքով, իսկ այսօր արդեն 4000 է: Այս պայմաններում անհրաժեշտություն էր առաջացել, որ մարզերում, տարբեր քաղաքներում ունենայինք մեր գրասենյակները, ինչը կբերեր աշխատողների ավելացման:
Շահառուների նկատմամբ հսկողության, աջակցության, իրազեկման աշխատանքների համար Պրոբացիոն ծառայության ներկայացուցիչներն այցեր են կատարում նրանց բնակության, աշխատանքի, ուսման վայրեր: Պրոբացիոն ծառայության ղեկավարի խոսքով՝ ուսումնասիրել են միջազգային փորձը. շարժական գրրասենյակների ներդրումը կարող է նպաստել աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը: Ձեռք է բերվել 3 մեքենա, որոնք կկահավորվեն անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով:
Սիրարփի Մուղդուսյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ) - Շահառուն մատնահետքը դնում է, որ հասկանանք՝ տվյալ օրը ներկայացել է ծառայություն, մեքենա: GPS-ն է, որով ֆիքսում ենք, որ երկրում են, սա էլ նկարահանող սարքն է: Շահառուներին շարժական գրասենյակներում նույն գործողություններն ենք անելու, ինչ Պրոբացիայի ծառայությունում:
Նախապես տեղյակ պահելով շահառուներին՝ գրասենյակի ծառայողները կշրջեն բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն նրանց իրավունքներն ու պարտականությունները: Տեխնիկական միջոցներով հագեցած տրանսպորտային շարժական գրասենյակներում կիրականացվեն նաև տեղեկատվական, խորհրդատվական, վերականգնողական, վերասոցիալականացման աշխատանքներ, ռիսկերի, կարիքների գնահատում:
Սիրարփի Մուղդուսյան - Կկազմենք վերահսկողության պլան, որում դնում ենք այն գործողությունները, որ կատարելու ենք իր հետ: Ռիսկերի, կարիքների գնահատման գործիքում բարձր է կրթության բլոկը, կրթության, աշխատանքի հետ կապված խնդիր, դա ենք անելու:
Պրոբացիայի շահառուի կամքից անկախ, աշխատանքային պայմաններից կամ սոցիալական վիճակից ելնելով, մարզային մարմին ներկայանալը հաճախ առաջացնում է խնդիրներ: Շարժական գրասենյակների ստեղծմամբ կիրականացվի ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացված կառավարում: Գրասենյակները, որոնք սպասարկում են քիչ շահառուների, կփակվեն, և ռեսուրսը կկենտրոնացվի մարզային կենտրոնական գրասենյակներում: Նախատեսվում է փակել 9 գրասենյակ:
Գևորգ Սիմոնյան - Դա չի նշանակում, որ մարզերում չենք ունենալու մարզային գրասենյակներ, կփորձենք կենտրոնացնել, որտեղ անհրաժեշտ կլինի, բայց չունենք, այդ գյուղերն ու քաղաքները կսպասարկենք մեքենաներով: Բոլոր երեք մարզերում առնվազն 2 գրասենյակ ենք թողնելու, որտեղ չենք ունենա, կիրականացնենք շարժական գրասենյակներով:
Ձեռք է բերվել ևս մեկ 17 տեղանոց ավտոմեքենա՝ շահառուներին Երևանից և այլ մարզերից Արարատի պրոբացիոն կենտրոն տեղափոխելու, վերականգնողական, վերասոցիալականացման ծրագրերի համար: Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ խնդիր են դրել տարեցտարի զարգացնել ծառայության կարողությունները: 2023-ից ծառայությունը իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն: Տարվա առաջին կիսամյակում մոտ 340 անձի նկատմամբ իրականացվել է այլընտրանքային խափանման միջոց, և ընդամենը 4 դեպքով է դատարանը փոխել ավելի խիստ պատժի:
Գևորգ Սիմոնյան - Ունենք կտրուկ աճի դինամիկա, դա նաև դրական արդյունք է, համահունչ Կառավարության որդեգրած քաղաքականությանը, որ պատժողական քաղաքականությունից անցում է վերականգնողականի: Այսօր պրոբացիայում երկու անգամ ավելի հաշվառված անձինք կան, քան ՔԿՀ-ներում: Մեր նպատակն է, որ քանակի տարբերությունը միայն ավելացնենք: Եթե 2022-ին 6 հազար վարույթ, կրկնահանցագործությունների թիվը չի գերազացվել 2 տոկոսը, ինչը վկայում է, որ այս ինստիտուտը շատ արդյունավետ է քրեական արդարադատության ոլորտում:
Պրոբացիոն ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակները նախատեսվում է գործարկել օգոստոսից: