Հաշմանդամության կարգի փոփոխության պատճառով 44-օրյա պատերազմի մասնակիցների կենսաթոշակի նվազման խնդիրն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը շեշտեց՝ խնդրին ու սոցիալական ցանցերի գրառումներին ծանոթ են, վստահեցրեց՝ թե՛ ինքը, թե ՛ նախարարը մշտապես կապի մեջ են պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այստեղ հարցը մեր նախկին գործող համակարգի խնդիրներում է, մենք փոխանակ ուրախանանք անձի վերականգնված ֆունկցիայի արդյունքում արձանագրված խմբի փոփոխությունով, քանի որ ուղիղ փոխկապակցված է նրա բոլոր սոցիալական, առողջապահական, կրթական և մյուս երաշխիքների հետ, օրինակ՝ հաշմանդամության խումբը փոփոխելով կրթաթոշակի արտոնությունների սահմանաչափն է փոփոխվում, սրանով են պայմանավորված դժգոհությունները, որոնց մենք ականատես ենք լինում:
Ստեփանյանը հայտնեց, որ դժգոհություններ կանխատեսել էին, և Կառավարության այլ որոշումներում են փոփոխություններ արել, օրինակ՝ պրոթեզավորման համար տրամադրվող գումարի չափը մեծացրել են:
Տաթևիկ Ստեփանյան - Եթե ավտովթարի դպքում ամպուտացիա ձեռք բերած քաղաքացուն կարողանալու են տրամադրել 2.4 մլն պրոթեզի հավաստագիր, ապա զինծառայության ժամանակ անդամահատում ունեցողին մինչև 40 մլն հատուցում են տրամադրում, որպեսզի լավագույնս վերականգնեն կորցված ֆունկցիաները:
Խորհրդարանականները քննարկեցին նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Գործադիրն առաջարկում է սահմանել, թե ինչ է նշանակում «անկախ կյանքի ծառայությունը», այն պետք է ուղղված լինի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն աջակցելուն, մանրամասնեց Տաթևիկ Ստեփանյանը: Առաջարկվում է նաև հանել տարրական ծրագիր ներկայացնելու և «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու պահանջները:
Տաթևիկ Ստեփանյան - Հասանելի ծառայություններ ստեղծելն է, որպեսզի կարողանանք հաստատություններում բնակվող՝ հատկապես հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մեծ հաստատություններից դուրս բերել և ուղղորդել անկախ կյանքի ծառայություններով ինքնուրույն ապրելուն, բայց դրա համար առանձին նախագիծ սահմանելը նպատակային չէ, քանի որ բոլորը կապակցված են:
Նախկինում հաստատված օրինագծերով պետությունը պարտավորեցրել էր, որ հասարակական նշանակության շենք-շինությունները հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց: Կառավարությունը ներկայումս առաջարկում է խնդիրը փուլային տարբերակով կարգավորել, որպեսզի հասցնի հաստատել պլան-ժամանակացույցը, նման 29 շինություն կա: Կառավարող ուժի պատգամավոր Զարուհի Բաթոյանը այստեղ մատնացույց արեց, որ օրենքով նրանց արդեն իսկ 3 տարի ժամկետ տրվել էր, որից 2 տարին անցել է: Պատգամավորը նախագծի հետ կապված այլ դիտարկումներ էլ արեց:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք այս նախագծով հրաժարվում են տարեկան ծրագրից, ինչը միջգերատեսչական ծրագիր է, որի մշակմանն ու իրականացմանը սովորաբար մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունները, հիմնավորումը, թե կրկնություններ ենք ունենում, այնքան էլ համոզիչ չէ:
Բաթոյանը նկատեց, որ Կառավարության հնգամյա ծրագիրը գլոբալ գործողություններ է ենթադրում, իսկ տարեկան ծրագրով մանրակրկիտ պլանավորում և լրացուցիչ մի շարք գործողություններ են իրականացվում: Հիշեցրեց, որ խնամքի ծառայության փոխակերպման գաղափարը հենց Կառավարության ծրագրում է արձանագրված, իսկ օրենքի նման փոփոխությունը հակադրվում է Կառավարության ծրագրին: Փոխնախարարն արձագանքեց՝ ներդրվող համալիր ծրագիրը համահունչ է Կառավարության հնգամյա ծրագրին, իսկ տարեկան ծրագիրը զուտ վարչարարական փաստաթուղթ է: Տարեկան ծրագիր ներկայացնելու պահանջը «Զբաղվածության մասին» օրենքից հանելու առաջարկով խորհրդարանում էր նաև ոլորտի մյուս փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Նախագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հեղինակ՝ Անի Օհանյան