199 հազարից ավելի զբոսաշրջիկ՝ միայն հունիսին. այս տարի ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել արդեն 1 միլիոն 5.000 զբոսաշրջիկ: Զբոսաշրջության կոմիտեի վարած վիճակագրության համաձայն՝ ցուցանիշը 30 %-ով ավելի է ռեկորդային համարվող 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Սիսիան Պօղոսեան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Եթե այսպես շարունակվի, մեր 2019 թվերը կգերազանցենք: 2019 թվականին ունեցել ենք 1 մլն 900 հազար զբոսաշրջիկ, այս պահին արդեն՝ վեց ամսվա ընթացքում, 1 միլիոնը արդեն անցել ենք և դեռ ունենք ամենալավ ամիսները ամռան՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, որ ամենաքանակին կապված բավականին մեծ թվեր ենք մենք այդ պահին ապահովում:
Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն նախընտրում են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ, Ուկրաինայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Չինաստանի քաղաքացիները:
Տուրիստական ընկերությունների համար այս տարվա զբոսաշրջային ակտիվությունը ևս նկատելի է:
Սերգեյ Բախշյան (տուրիստական ընկերության մարկետինգի մասնագետ) - Եթե համեմատենք 2023 թ.-ն 2022-ի և 2019-ի հետ, վստահաբար կարող ենք ասել, որ մեծ աճ ենք գրանցել, 2019-ի հետ համեմատած ունենք մոտ 55 տոկոս աճ, իսկ 2022 թ. հետ համեմատած ունենք մոտավորապես 49-50 տոկոս աճ: Իրականում հույս ունենք, որ այս տարի երկրորդ կիսամյակը կլինի ավելի ակտիվ, քանի որ 2019 թ. դեպքում հենց այդպես էր դրսևորվել:
Ոլորտի զարգացմանը նպաստում են տարբեր փառատոները, պարբերականներում Հայաստանի մասին տպագրված հոդվածները, բլոգերների և մեդիաներկայացուցիչների համար կազմակերպված ճանաչողական այցերը:
Սիսիան Պօղոսեան - Բավականին աշխատանք ենք տանում այս պահին Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ ուղղություն մեր թիրախ երկրներում, ունենք հետաքրքիր արշավներ սոցցանցերում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դուբայում և ամբողջովին մեր թիրախ երկրներում:
Չնայած զբոսաշրջության ակտիվացմանը՝ ոլորտը որոշակի խնդիրներ ունի: Կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատում են ճանապարհների նորոգման ուղղությամբ: Այժմ շրջանառվող օրենքի նախագիծն էլ թույլ կտա ոլորտի այլ բացերը լրացնել. առաջարկվում է զբոսավարների և ուղեկցորդների համար պարտադիր որակավորում սահմանել, զբոսաշրջայինը համապատասխանեցնել տեխնիկական չափորոշիչներին, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար ներդնել կամավոր որակավորման գործընթաց: Տուրիստական ընկերությունից ևս որոշ խնդիրներ են բարձրաձայնում:
Սերգեյ Բախշյան - Խնդիր ունենք սննդի կետերի հետ, ունենք որակի հետ, չունենք աստղերով հյուրանոցներ, բարձրակարգ հյուրանոցներ, մարզերի մասին է իհարկե խոսքը, որոնք մեծ խնդիրներ են:
Երևանում հանդիպած զբոսաշրջիկներից հետաքրքրվեցինք նրանց ծրագրերի մասին՝ ո՛ր վայրերն են առավել գրավիչ համարում:
Իսկ հայկական խոհանոցի մասին հարցնելիս պատասխանն այսպիսին է.
Զբոսաշրջիկ - Շատ համեղ է, մենք միայն հայկական ռեստորաններ ենք այցելել:
Զբոսաշրջիկ - Ավելուկով ճաշն եմ սիրում:
Մեզ հետ զրուցող զբոսաշրջիկներն առաջին անգամ էին Հայաստանում, նշեցին՝ կցանկանան նորից վերադառնալ, այցելել ավելի շատ վայրեր:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան