ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա, չի վատթարացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Չեմ կարծում, որ այս որոշման արդյունքում դուք կտեսնեք խզված հարաբերություններ, տարաձայնություններ կամ պառակտում»,- այս կերպ նա պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Բայդենը մտահոգվա՞ծ է, որ կասետային զինամթերքի մասին որոշումը կարող է հակասություններ առաջացնել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
ԱՄՆ նախագահի խորհրդականը հավելել է, որ Վաշինգտոնը Կիևից գրավոր երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական կողմը կասետային ռումբեր չի օգտագործի ռուսական տարածքին հարվածելու համար։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հավաստիացրել էր, որ Լոնդոնը կշարունակի հավատարիմ մնալ Կասետային զինամթերքի արտադրությունն ու օգտագործումն արգելող կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին։
Կիևին կասետային զինամթերք մատակարարելուն դեմ է արտահայտվել նաև Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարետ Ռոբլեսը։
«Իսպանիան, չնայած ամուր պարտավորվածություն ունի Ուկրաինայի նկատմամբ, բայց և վճռականորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ որոշակի զենքեր և ռումբեր ոչ մի դեպքում չպետք է մատակարարվեն»,- նախարարի խոսքը մեջբերել է Politico-ն։
Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու՝ Բայդենի որոշման առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ պատգամավորները: ԱՄՆ կոնգրեսական, Մինեսոտայից Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բեթի ՄակՔոլումը The New York Times-ին հայտնել է, որ դեմոկրատների մի զգալի մասը դատապարտել է Կիև կասետային զինամթերք ուղարկելու որոշումը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ դաշինքում միասնական դիրքորոշում չկա, և յուրաքանչյուր դաշնակից երկիր այս հարցում ինքնուրույն որոշում է կայացնում։