Էջմիածնի Արագածի զանգվածի կամուրջը, որ երեսուն տարի չէր նորոգվել, փլուզման իրական վտանգի առաջ էր: Համայնքային իշխանությունը հրատապ արձագանքել է բնակիչների ահազանգին ու արագ կազմակերպել նորոգման, ամրացման աշխատանքներ: Ասֆալտապատումից և կահավորումից հետո այն կշահագործվի և առնվազն ևս երեսուն տարվա կյանք կունենա:
Համասփյուռ Բադալյան (Էջմիածնի բնակիչ) - Ամեն անձրևից հետո սարսափում էինք, ասում էինք՝ հեսա կփլվի։ Մեր վարորդներն էլ անբարեխիղճ են, որ էն կողմից թռնելով գալիս են, ասում ենք՝ հեսա կմտնեն կանալը։
Խոսքը Էջմիածնի Արագածի զանգվածի կամրջի մասին է, որը կառուցման օրից՝ նախորդ դարի 90-ականներից, չէր վերանորոգվել։ Ակտիվ երթևեկից ու բեռնատարների ծանրությունից այն հիմքից թուլացել էր, իսկ վրան խոռոչներ էին գոյացել՝ դժվարացնելով մարդկանց ու մեքենաների տեղաշարժը։
Արսեն Բաղդասարյան (Էջմիածնի բնակիչ) - Էս վերջերս որ քանդվեց՝ շատ վտանգավոր էր։ Երեխաները հեծանիվով որ գալիս էին, կարող է ընկնեին:
Կամուրջը 30 տարի առաջ կառուցել էին հողային թեք լանջով՝ առանց հենապատերի։ Տարիների ընթացքում հողային շերտը սահել է՝ մերկացնելով մետաղե ամրաններն ու փոսեր առաջացրել եզրին։
Հովհաննես Գնոյան (Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում և կանաչապատում» տնօրինության աշխղեկ) - Վթարների պատճառ է դարձել այս կամուրջը, դրա համար հրատապ նորոգման անհրաժեշտություն առաջացավ։
Կամրջի վտանգավորության մասին բնակիչներն են ահազանգել համայնքապետարան։ Ղեկավարությունը հրատապ մրցույթ է հայտարարել․ ավագանու որոշմամբ տեղական բյուջեից ավելի քան 3,5 մլն դրամ է հատկացվել՝ կառույցը ամրացնելու և կահավորելու համար։ Մրցույթը շահած կապալառու ընկերությունը սեղմ ժամկետում ամրացրել է կամուրջը, ձեռնարկել անվտանգության միջոցներ։
Վարդան Կարապետյան (շինարարական ընկերության տնօրեն) - Կառուցել ենք հենապատի հիմք, տեղադրվել է հենապատ, որի արդյունքում հենապատը ասֆալտի մակերևույթից մի քիչ էլ բարձրացել է, որը վերացրել է թեքությունը։
Թեքությունը վերացրել են, որ տեղումների ժամանակ հողը չհոսի ու չկուտակվի ներքևում։ Կամուրջը նաև 3 մետրով լայնացրել են, որ հետիոտնը ոչ թե մեջտեղով, այլ մայթերով քայլի։
Վարդան - Երթևեկելի մասը 9-10 մետր է, բայց մոտ 14-15 մետրի աշխատանք է կատարվել։
Կամրջի նորոգումով մասամբ մաքրվել է նաև Էջմիածինը սպասարկող ջրատար առուն, որը հաճախ խցանվում էր՝ վերևից թափվող քար ու հողի պատճառով։
Հովհաննես Գնոյան - Փլուզման պատճառով հողը լցվում էր առուն, խոչընդոտ էր առաջանում, և անընդհատ մաքրման խնդիր էր առաջանում։ Պատկերացրեք՝ հողը անընդհատ թափվում է առուն, որը մաքրել հնարավոր չէ, ինչ վնասներ է տալիս։
Երկրորդ կյանք ստացած կամուրջը կշահագործեն ասֆալտապատելուց ու կահավորելուց հետո։ Շինարարների խոսքով՝ կդիմանա ևս 30 տարի։