Վերջին ամիսներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով պարբերաբար շփումներ են եղել: Նա հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
Բայրամովն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքը վերաբացելու՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին կոչերին:
«Իհարկե, պետք է լսել այս կոչերը, վերլուծել: Մենք դա անում ենք, համարժեք արձագանք ենք տալիս: Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կատարման հետ կաված իր տեսակետն ունի։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք՝ առաջնորդվելով ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահով»,- հավելել է Բայրամովը:
Նա խոսել է նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների մասին, հայտարարել՝ Իրանը Ադրբեջանի հարևանն է, և Բաքուն շահագրգռված է, որ Թեհրանի հետ շփումները դրական հունով ընթանան։ Բայրամովը նաև հավելել է՝ Բաքուն ցանկանում է, որ Իրանում ադրբեջանական դեսպանատան վրա հունվարի 29-ի հարձակման մեղավորները պատժվեն։ «Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության առումով»,- շեշտել է դիվանագետը։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ԲԱՅԴԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ քննարկել Դաշինքին Ուկրաինայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության, Կիևին ռազմական աջակցության, Անկարայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք ինտեգրման հնարավորությանը: Նախագահները պայմանավորվել են հանդիպել Վիլնյուսում՝ ավելի մանրամասն քննարկելու երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։
Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է՝ Ստոկհոլմը փոխել է հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն այդ ջանքերը զրոյացվում են, քանի որ, Էրդողանի խոսքով, Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները շարունակում են հակաիսլամական ակցիաներ անցկացնել Շվեդիայում: Բայդենն ի պատասխան շեշտել է, որ Ստոկհոլմը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է Վաշինգտոնի շահերից։
ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՎԵԴԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԻԱՆԱ ՆԱՏՕ-ԻՆ. ԲԼԻՆՔԵՆ
Թուրքիայի արտգործնախարարն էլ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, նույնպես քննարկել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Դաշինքի ընդլայնման հեռանկարը և միջազգային օրակարգի այլ հարցեր։ Մտքեր են փոխանակվել Ուկրաինայում և Սիրիայում զարգացումների վերաբերյալ:
Պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենն ընդգծել է՝ ժամանակն է, որ Շվեդիան պաշտոնապես միանա ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն ու Թուրքիան ավելի ամրապնդեն պաշտպանական գործակցությունը։
ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Լավրովն ընդգծել է, որ Անկարայի կողմից Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարումը կարող է հանգեցնել միայն բացասական հետևանքների։
Նախարարները վերահաստատել են Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա Ռուսաստանի և Թուրքիայի միջև վստահելի հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում երկկողմ գործակցության հեռանկարին:
Կողմերը խոսել են նաև Թուրքիայից Ուկրաինա «Ազովի» գումարտակի հրամանատարների վերադարձի մասին:
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Թուրքիայում Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը հայրենիք է վերադառնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարի հետ, որոնք անցած տարի ռուսական ուժերի կողմից Ազովստալ գործարանի գրավումից հետո հայտնվել էին գերության մեջ, այնուհետև Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անկարան խախտել է Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա նշել է, որ «Ազովստալի» հրամանատարների՝ Ուկրաինա վերադարձի մասին ռուսական կողմը նախապես չի տեղեկացվել։
ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է նախագահի ընտրությունում։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ Միրզիյոևը հավաքել է ձայների 87 %-ից ավելին: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ արտահերթ ընտրությունները հնարավոր են դարձել Ուզբեկստանում մայիսին կայացած հանրաքվեից հետո Սահմանադրության մեջ փոփոխությունների շնորհիվ։ Դրանք նախատեսում են պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավելացում՝ հինգից յոթ տարի։ Փոփոխությունների համաձայն՝ այժմ Միրզիյոևը նախագահի պաշտոնում ևս երկու անգամ առաջադրվելու իրավունք է ստանում։