Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խիստ զայրացել է, երբ ԱՄՆ-ն ու Գերմանիան սկսել են արգելափակել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը, գրում է Bild-ը։
Զելենսկին ծրագրում էր ուղևորություն Վիլնյուս՝ «դաշինքին միանալու մեխանիզմը գործարկելու հստակ նպատակով։ Զելենսկին ցանկանում էր հրապարակայնորեն կոչ անել, որպեսզի իր երկիրն ընդունվի դաշինք, մինչդեռ իրեն թույլ չեն տվել դա անել»,- թերթին ասել է Կիևի աղբյուրը:
Financial Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդականին, գրել է, թե Կիևում խոստովանում են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «սեղանի վրա չէ», և օրակարգը փոխելը շատ ուշ է:
Հոդվածում նշվում է, որ Բեռլինը և Վաշինգտոնը ցանկանում են Ուկրաինայի հետ ստորագրել «հռչակագիր, որը հազիվ թե ավելի լինի, քան 2008 թվականին Բուխարեստում ընդունված փաստաթուղթը»։ Դա նշանակում է ՆԱՏՕ-ի աջակցության ընդհանուր կուրս՝ առանց որևէ որոշակիության։
Անցյալ շաբաթ բրիտանական Telegraph թերթը, հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին, հայտնել էր, որ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում Գերմանիան մտադիր է ձգձգել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ մտավախություն ունենալով, որ այդ քայլը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ պատերազմի:
Bild-ը նշել է, որ Բեռլինն ու Վաշինգտոնը «նույն նպատակն ունեն այս հարցում» և ճնշում են գործադրում ՆԱՏՕ-ի մյուս անդամների վրա՝ հետևելու իրենց օրինակին։