Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին՝ Ռուսաստանում զինված ապստամբության փորձից 5 օր անց, Կրեմլում ընդունել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինին և մասնավոր ռազմական ընկերության հրամանատարներին՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումը տևել է գրեթե երեք ժամ, ներկա է եղել 35 մարդ։ «Վագների» հրամանատարները Պուտինի հետ կիսել են տեղի ունեցածի մասին իրենց մտորումները և վստահեցրել, որ պետության ղեկավարի հավատարիմ կողմնակիցներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։ Նրա խոսքով՝ Պուտինն էլ հնչեցրել է «Վագների» ապստամբության հետ կապված իր գնահատականները։
ՊԵՍԿՈՎԸ՝ ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պեսկովն անդրադարձել է նաև հուլիսի 8-ին Էրդողան-Զելենսկի բանակցություններից հետո Թուրքիայից Ուկրաինա «Ազովի» գումարտակի հրամանատարների վերադարձին: Զինվորականներն անցած տարի ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրավումից հետո հայտնվել էին գերության մեջ, այնուհետև Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել Թուրքիա, որտեղ, ըստ Մոսկվայի հետ պայմանավորվածության, պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Անկարան և Մոսկվան երկխոսության մեջ են ամենաբարձր մակարդակով, և այդ շփումներում ռուսական կողմը կբացատրի և արդեն սկսել է բացատրել, որ թուրքական կողմի գործողությունները ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են: «Հաշվի կառնենք տեղի ունեցածը, երբ հաջորդիվ տարբեր ոլորտներում նոր պայմանավորվածությունների մասին խոսք լինի»,- զգուշացրել է Պեսկովը:
Նա հավելել է՝ Թուրքիան իրավունք ունի զարգացնելու հարաբերություններն Ուկրաինայի հետ, սակայն Ռուսաստանը հուսով է, որ այդ գործակցությունն ուղղված չի լինի Մոսկվայի դեմ: Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլի ղեկավարն օգոստոսին կայցելի Թուրքիա, տեղեկացրել է՝ հնարավոր այցի ժամկետները դեռևս հայտնի չեն։
Կիևի եվրատլանտյան ինտեգրման հնարավորության մասին էլ Պեսկովը հայտարարել է. «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բացասական ազդեցություն կունենա Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վրա և բացարձակ սպառնալիք է Ռուսաստանի համար»:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻՏՎԱ
Ռեջեփ Էրդողանը հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ մեկնել է Լիտվա: Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել է Շվեդիայի եվրատլանտյան հնարավոր ինտեգրմանը, որին ՆԱՏՕ-ի անդամներից խոչընդոտում է միայն Անկարան:
«Թուրքիան ավելի քան 50 տարի սպասում է ԵՄ դռան առաջ։ Կոչ եմ անում հարթել դեպի Միություն մեր ճանապարհը: Մենք էլ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար»,- նշել է Էրդողանը, հավելել՝ պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պատժամիջոցներ են կիրառում Թուրքիայի նկատմամբ, և կոչ անել հետ կանգնել այդ սխալ գործելաոճից:
Նա նաև նշել է, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում դաշինքի պետությունները կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային: Էրդողանը համոզմունք է հայտնել՝ պատերազմի խաղաղ և արդար ավարտը կնպաստի ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության գործընթացին։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԱՏՕ-Ի ԿԱԶՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են ընդունել Ուկրաինային դաշինքի կազմում պարզեցված ընթացակարգով՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ինտենսիվ բանակցություններից հետո համաձայնության են եկել, որ եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Կիևը կարող է շրջանցել անդամակցության գործողությունների ծրագիրը: Ողջունում եմ այս երկար սպասված որոշումը: Սա նաև լավագույն պահն է հստակեցնելու Ուկրաինային անդամակցության հրավեր տրամադրելու հարցը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Կուլեբան։
Մինչ այդ ՆԱՏՕ-ի մի շարք ղեկավարներ հայտարարում են, որ միակարծիք են՝ Ուկրաինան պետք է լինի դաշինքի կազմում, սակայն դա հնարավոր կլինի միայն պատերազմի ավարտից հետո:
ՉԺՀ-ՌԴ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահին: Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Չինաստանի հետ ամուր բարեկամական հարաբերությունները և այն փաստը, որ Պեկինը հետևողականորեն և համառորեն շարունակում է գործակցությունը Ռուսաստանի հետ: «Մեր երկկողմ հարաբերությունների վրա որևէ արտաքին քաղաքական ազդեցություն չկա»,- գոհունակություն է հայտնել Մատվիենկոն։
Սին իր հերթին ընդգծել է՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը այդ երկու երկրների ռազմավարական ընտրությունն է և բխում է նրանց հիմնարար շահերից:
«Պեկինը պատրաստ է Ռուսաստանի հետ նպաստելու բարգավաճ, կայուն և արդար աշխարհակարգի կառուցմանը»,- հավելել է Չինաստանի ղեկավարը: