Աֆրիկայի առաջնորդները խնդրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց տալ իր ցանկությունը՝ շարժվել դեպի խաղաղություն, նախքան Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը գումարվելը, ասել է Սենեգալի նախագահ Մակի Սալը:
Հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար ֆորումը։
Financial Times թերթի հետ հարցազրույցում Սենեգալի նախագահը նշել է, որ այդ ցանկությունը ՌԴ առաջնորդին փոխանցվել է աֆրիկյան վեց երկրի՝ Կիև և Մոսկվա կատարած խաղաղապահ առաքելության ժամանակ։
«Մինչև Ռուսաստան-Աֆրիկա հաջորդ գագաթնաժողովը Պուտինը պետք է որոշ գործողություններ ձեռնարկի, որպեսզի ցույց տա, որ թեկուզ հումանիտար առումով խաղաղության հասնելու ցանկություն ունի»,- ասել է Սալը պարբերականին: Ըստ Սենեգալի նախագահի՝ ռազմագերիների հետագա փոխանակումն ու երեխաների վերադարձն Ուկրաինա «կարող են շատ լավ ազդանշան լինել»:
Հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպում է ունեցել աֆրիկյան առաջնորդների ներկայացուցչական պատվիրակության հետ, որոնք ներկայացրել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման աֆրիկյան նախաձեռնությունը՝ բաղկացած 10 կետից: Դրանք վերաբերում են անվտանգության երաշխիքներին, Սև ծովով հացահատիկի տեղափոխման ազատությանը, ռազմագերիների ազատմանը և բանակցությունների շուտափույթ մեկնարկին։