Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց պահման փաստը հաստատել է Բաքուն, այդ թվում՝ վերջերս առևանգված երկու զինծառայողին: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մեր ներկայացուցիչները հնարավորություն են տվել նաև կապ հաստատել կապի տարբեր միջոցներով ընտանիքի անդամների հետ, ունեցել են առանձնազրույցներ ըստ մեր հաստատված ընթացակարգերի:
Բնականաբար տեսակցությունների նպատակը՝ ստուգել պահման պայմանները, վերահսկել իրենց հանդեպ վերաբերմունքը, առողջական վիճակը, սակայն մեր բոլոր նկատառումները մենք չենք հրապարակում, դրանք կոնֆիդենցիալ քննարկման առարկա են պահող իշխանությունների հետ»,- ասել է Ամատունին: