Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը, նրա մարտահրավերները ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ռազմական դաշինքն ուժեղացնելու քայլերը: Օրակարգում կլինի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։
Նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, քննարկել դաշինքին Ուկրաինայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության, Կիևին ռազմական աջակցության, Անկարայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք ինտեգրման հնարավորությանը:
Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հետ կապված Էրդողանը հայտարարել է՝ Ստոկհոլմը փոխել է հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն այդ ջանքերը զրոյացվում են, քանի որ, Էրդողանի խոսքով, Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները շարունակում են հակաիսլամական ակցիաներ անցկացնել Շվեդիայում: Բայդենն ի պատասխան շեշտել է, որ Ստոկհոլմը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է Վաշինգտոնի շահերից։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել Վիլնյուսում՝ ավելի մանրամասն քննարկելու երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։