Արդեն 20-րդ անգամ Երևանում սկսվում է հայկական ծիրանի անունը կրող կինոտոնը: Հոբելյանական կինոփառատոնի տոնական անցուդարձի մեջ դժվար է պատկերացնել, որ անկախ Հայաստանի ամենախոշորամասշտաբ, միջազգայնորեն ճանաչելի և ներկայանալի մշակութային նախագիծը ստեղծվել է 20 տարի առաջ Կարլովի Վարիի կինոփառատոնում ծնված մի մեծ ու խենթ երազանքից, որը փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը 2 տասնամյակ շարունակ հակադրել են բոլոր խոչընդոտներին ու դժվարություններին: Հիմա, երբ «Ոսկե ծիրանը» հատել է 20-րդ հոբելյանականի սահմանագիծը, փառատոնի հիմնադիր նախագահը փաստում է՝ շարունակելու են ազգային կինոն ու մշակույթը տարածելու և զարգացնելու իրենց առաքելությունը:
Հարություն Խաչատրյան (Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ) - Պետք է շարունակվի, և լինելու են 21-րդ, 22-րդ, 25-րդ, 30-րդները, և ամեն անգամ մի նոր բան կգնահատենք կինոփառատոնի մեջ:
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորն է։ Երևանյան կինոտոնի առիթով շնորհավորանքներում համերաշխորեն ազգային կինոյի երկու կարևոր հոբելյաններն են նշում նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - «Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և լավ հյուրեր հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Տարին հատկանշական է կինոյի հետ կապված երկու առիթով՝ հայ կինոյի 100-ամյակ և «Ոսկե ծիրանի» 20-ամյակ։ Երևանը այս օրերին դառնում է կինոյի ամենավառ կետերից մեկը։
«Ոսկե ծիրանի» ձևավորած բարի ավանդույթի համաձայն՝ փառատոնի պատվո հյուրերը բացման հանդիսության ընթացքում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար արժանանում են բարձրագույն պարգևին՝ Փարաջանովյան թալերին: Եվ այս տարի Փարաջանովի անունը կրող մրցանակի դափնեկիրներն են ճապոնական կինոյի մեծ վարպետ Տակեշի Կիտանոն և Կաննի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները:
Ժան-Պիեռ Դարդեն (կինոռեժիսոր, Կաննի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիր) - Շատ ուրախ եմ, որ այստեղ ենք: Մեզ բազմիցս հրավիրել են, ցավոք, չենք կարողացել գալ: Այս անգամ վերջապես ստացվեց, և շատ հպարտ ենք, որ արժանացել ենք Փարաջանովի անունը կրող մրցանակին:
Լյուկ Դարդեն (կինոռեժիսոր, Կաննի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիր) - Մեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է: Հայաստանը մեծ արվեստագետների երկիր է և չնայած չափազանց մեծ դժվարություններին՝ հաղթահարել է դրանք և աշխարհին տվել շատ մեծ արվեստագետների անուններ:
Եվ ևս մեկ անակնկալ ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին «Ոսկե ծիրանից»: Փառատոնի բացման ֆիլմը՝ Ջեսիկա Վուդվորթի «Լուկան», ռեժիսորի համաձայնությամբ Երևանի հետ միաժամանակ ցուցադրվում է նաև Ստեփանակերտում:
Ջեսիկա Վուդվորթ («Լուկա» ֆիլմի ռեժիսոր) - Այո՛, զուգահեռ ցուցադրություն ունենք նաև շրջափակման տարածքում, և մեր համաարտադրող Անժելա Ֆրանգյանն էլ այնտեղ է: Սա նաև հայկական ֆիլմ է, և մեզ համար չափազանց կարևոր է, որ այս ֆիլմը հատի բոլոր սահմաններն ու պատնեշները և ցուցադրվի այնտեղ նույն օրը և նույն ժամին:
«Հետ նայելով գալիքին» կարգախոսով «Ոսկե ծիրանը» կամրջում է փառատոնի անցյալն ու ապագան՝ խոստանալով որ կինոտոնը հարատև կլինի: