Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում ծանոթացել է մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությանն ու այս տարի իրականացվող ծրագրերին: Բնակավայրերի փողոցների կառուցման, ջրամատակարարման, մանկապարտեզների վերակառուցման և այլ ոլորտներում 2022 թվականին հաստատվել է 12 մլրդ դրամի 60 սուբվենցիոն ծրագիր, աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023-ին հավանության է արժանացել 11 մլրդ 227 մլն դրամի 40 ծրագիր: 2018-ից մինչև օրս մարզում իրականացվել և իրականացվում է 356 սուբվենցիոն ծրագիր:
Ըստ 2022 թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի՝ գույքային հարկերն անշարժ գույքից կազմել են մոտ 1 մլրդ 378 մլն դրամ, փոխադրամիջոցների համար՝ գրեթե 1 մլրդ 830 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտին են մոտենում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինաշխատանքները:
Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում իրականացվել են շինարարական աշխատանքներ:
Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ:
Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում:
Ներկայացվել է, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է Կոտայքի 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ:
Վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումն ու խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնման ուղղությամբ և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մարդկանց համար առավել լավ հնարավորությունների ստեղծման և արտադրանքի որակի բարձրացման նպատակով տեղեկատվության հնարավորինս շատ տարածման կարևորությունը, նշել՝ պետք է աշխատել Էկոնոմիկայի նախարարության հետ՝ ծրագրերն առավել բարելավելու նպատակով:
Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերից: Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքերի կառուցման լայնածավալ ծրագրեր:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան