ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումը տևել է 2 ու կես ժամ: Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք: Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա:
Վոլոդիմիր Զելենսկին նույնպես կարևոր է համարել հացահատիկային գործարքի պահպանումը և իրագործման շարունակությունը:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ միջանցքի գործունեությունը կախված չլինի մեկ պետության կամքից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։ Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։
«Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հայտարարել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար:
Թուրքիայից վերադառնալուց հետո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Զմեյնի կղզի՝ այնտեղ նշելու պատերազմի մեկնարկի 500-րդ օրը:
«Ինչպես այս կղզին, Ուկրաինան երբեք չի նվաճվի»,- վստահեցրել է Զելենսկին:
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԺԵՍՏ. ՌԴ ԱԳՆ-Ն՝ ԱՄՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Կիևին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշումն այդ երկրի իշխանությունների ագրեսիվ հակառուսական կուրսի ևս մեկ աղաղակող դրսևորում է, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության առավելագույն ձգձգմանը: Այդ մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Ըստ գերատեսչության՝ «սա հուսահատության ժեստ է Ուկրաինայի հակահարձակման տապալման ֆոնին»։
ՌԴ ԱԳՆ-ի համոզմամբ` ուկրաինական կողմի խոստումը՝ զենքը «պատասխանատու» կիրառելու մասին, «ոչ մի արժեք չունի»։
«Կասետային զինամթերք մատակարարելով՝ Վաշինգտոնը փաստացի մասնակից կդառնա տարածքի ականապատմանը և լիովին կկիսի պայթյունների հետևանքով զոհերի, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի երեխաների զոհվելու պատասխանատվությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ Դաշնության արտաքին հարաբերությունների գերատեսչության՝ միջազգային հանրությունը չի կարող անտեսել այդ իրավիճակը և պետք է համարժեք արձագանքի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն՝ ՄԱԿ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհիմն և միակողմանի է որակել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հայտարարությունները, որը Փարիզից պահանջել է վերացնել ռասայական խտրականության համակարգային պատճառները ոստիկանությունում:
«Ֆրանսիան իր անհամաձայնությունն է հայտնում ավելորդ մեկնաբանությունների կապակցությամբ և ափսոսանք է հայտնում, որ վերջին օրերին ոստիկանության և այլ անձանց նկատմամբ իրականացված չարդարացված բռնությունը մոռացվել է։», - նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ Ֆրանսիան հետևում է ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթներին, իսկ ոստիկանությունը ենթարկվում է ներքին, արտաքին և դատական այնպիսի վերահսկողության, որը գոյություն ունի ընդամենը մի քանի երկրում:
ԱՄՆ-Ն ՈՒ ՌԴ-Ն ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների, այդ թվում՝ The Wall Street Journal թերթի լրագրող Էվան Գերշկովիչի փոխանակման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման հարցի քննարկումները շարունակվում են, սակայն դեռ չեն հանգեցրել խնդրի լուծման հստակ մեխանիզմի։ Սալիվանը կոչ է արել զգուշություն ցուցաբերել այդ հարցի քննարկման ժամանակ՝ «կեղծ հույսեր չարթնացնելու համար»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցով։ Սակայն նա չէր մանրամասնել առաջիկայում նրանց փոխանակման հնարավորությունը:
ԱՄՆ-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԻՐ ՊԱՇԱՐՆԵՐԸ
ԱՄՆ-ը հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Նշվում է, որ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի: Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային` կոնվենցիայի շրջանակում իրենց պարտավորությունները խախտելու համար։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է ԱՄՆ-ում զենքի ոչնչացման փաստը։