Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԼՂ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն: Այդ մասին հայտնում են ԼՂ դատախազությունից։
Այնուհետև, հուլիսի 08-ին ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Նշված դեպքի առթիվ 08.07.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով /Անզգուշությամբ մահ պատճառելը/ և 176-րդ հոդվածի 1-ին մասով /Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը/ հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԼՂ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: