Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար ավելի շատ միջազգային ջանքեր են անհրաժեշտ։ Խորվաթիայում՝ Դուբրովնիկի համաժողովի շրջանակում կայացած «Համաշխարհային կարգը՝ խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց թե՛ բանակցային գործընթացում, թե՛ գործնականում սպառնալիքների և ուժի կիրառման է բախվում։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի խախտման և միջազգային իրավունքի և կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին` սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ, ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, և այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչն, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում: Այսպես, ԵՄ արագ որոշում կայացրեց ԵՄ մշտադիտարկման առաքելություն ուղարկել Հայաստանի և մեր արևելյան հարևան Ադրբեջանի միջև պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով: ԵՄ դիտորդները ներկայումս այնտեղ են և իրականացնում են իրենց առաքելությունը: Սա էական գործոն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար, և մենք շնորհակալ ենք դրա համար:
Սակայն սա խնդրի միայն մի մասն է. առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը:
Կատարվողը նույնիսկ շրջափակում չէ, այլ Լեռնային Ղարաբաղի պաշարում, հայտարարել է Միրզոյանը, ակկնկալել հարցի լուծման համար միջազգային հանրության աջակցությունը:
Արարատ Միրզոյան - Կարծում եմ՝ մենք չենք կարող աչք փակել և ձևացնել, թե չկա նման խնդիր. կա խնդիր, և դա ոչ միայն Հայաստանի, այլև բոլորի խնդիրն է: Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը առերեսվում է իրական էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի: Եթե աշխարհակարգը, որի մասին մենք խոսում ենք և երազում, հիմնված է արժեքների վրա, ուրեմն մարդկությունը դեռ ունի հնարավորություն: Եթե խոսքը արժեքների մասին է, որեմն չենք կարող զերծ մնալ այս խնդիրը լուծելուց, քանի որ, կրկին, մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին, և քաղաքականությունը մարդկանց կյանքը բարելավելու մասին է: Այսպիսով, սա բարդ իրավիճակ է, որով մենք պետք է զբաղվենք. առաջին հերթին գիտակցել, երկրորդ հերթին առավել մեծ ջանքեր ներդնել կանխելու Լեռնային Ղարաբաղում էթիկ զտումները, կա նման հնարավորություն: Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեև բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղություն համար ևս հարկավոր է, որ ձեր հարևանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տևական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց, ցավոք, միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության:
Հայաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ մեր երկիրը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգի կայացում:
Արարատ Միրզոյան - Սա Եվրամիությունը մոտեցնում է Հայաստանին և հակառակը: Ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ուղղությամբ, հարաբերությունների խորացման նոր հորիզոններ:
Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակում ավելի վաղ հանդիպել էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության վերաբերյալ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ էլ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործակցությունն ու ընթացիկ մարտահրավերներն է քննարկել: