Մայրաքաղաքի երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրում, գործող վճարովի ավտոկայանատեղիները կամ առավել հայտնի «Կարմիր գծերը» առաջիկայում նոր սկզբունքով կգործեն. կլինի գոտիավորում, նաև՝ գունային ու վճարային փոփոխություններ են սպասվում: Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Փոփոխությունները կօգնեն նաև, որ քաղաքապետարանը խնդիրներին ավելի արագ արձագանքի, մանրամասնել է ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Որոշ գործընթացներ եթե նախկինում օրենքով հստակ սահմանվել էին, նույն, օրինակ, կարմիր գույնը, այս դեպքում թե՛ գոտիականության, թե՛ շատ հարցեր հնարավորություն է տրվում, որ իրականացվեն ենթաօրենսդրական ակտերով, ենթադրվում է, որ գործընթացը ավելի կարագանա, կպարզեցվի, նոր գործիքակազմ կունենան համայնքները՝ ՏԻՄ-երը:
Փոփոխություններից հետո ավելի պարզ ու այլ գունային գծերով կառանձնացվեն համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում ծառայողական ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացվասծ հատվածները, իսկ Երևանում նաև կսահմանվի գոտիականացում, այսինքն` Փոքր կենտրոնում ենթադրաբար վճարն ավելի բարձր կլինի, քան Կենտրոն վարչական շրջանի ծայրամասում: Բայց թե ինչ գնային քաղաքանություն կգործի, դեռ հայտնի չէ. օրենքի ամբողջական ընդունումից հետո բոլոր կարգավորումները Երևանի քաղաքապետարանը կիրականացնի, որտեղից այս փուլում հրաժարվեցին մեկնաբանել սպասվող փոփոխությունները:
Խաչիկ Սողոմոնյան - Պարզապես օրենքում, որտեղ կատարվում են փոփոխությունները, կան սահմանված վերին շեմեր, թե 1 ժամ կայանելու համար որքան պետք է լինի առավելագույն գինը` թե օրվա, ամսվա, շաբաթվա և տարվա համար:
Ըստ ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին ՀՀ օրենքի`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար առավելագույն շեմը 300 դրամը ներառյալն է,
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ,
3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչև 25.000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչև 100.000 դրամ ներառյալ:
Արտակ Խաչատուրով (Ավտովարորդների իրավունքների պաշտպան) - Այ, տեսեք` Արեշում` Էրեբունի թաղամասում, երթևեկությունը նոսր է, չէ, բայց առաջ նույն արժեքն էր վճարում, ինչ Կենտրոնում կանգնողը: Սա արդեն օրենքի գաղափարախոությանը հակառակ էր, որովհետև պարկինգի օրենքը որ ընդունում էին, ասում էին` վճար ենք մտցնում, համ բյուջեն կլցնի, համ մարդիկ կխուսափեն կենտրոն գալ, կենտրոնում կայանել, եկար, մարդուն իջացրեցիր, քշեցիր- գնացիր, բայց խնդիրը չի լուծվում, որովհետև էդ օրենքը իր նպատակին չի ծառայում: Էս դեպքում` այո, կարա ծառայի` անկախ նրանից, որ դժգոհողներ կլինեն, գոհ մարդիկ կլինեն:
Ըստ Արտակ Խաչատուրովի` սահմանված առավելագույն շեմն է շատ ցածր, և դրական արդյունքի, այսինքն` կենտրոնը բեռնաթափելու համար այն պետք է վերանայվի, բայց շեշտում է՝ իհարկե, ողջամտության սահմանում:
Արտակ Խաչատուրով - 100 դրամը 300 դրամ սարքելով էդ խնդիրը չի լուծվի, ոչ մի փոփոխություն չի տա: Տարբերությունը շատ չնչին է, ինչ 100-ով կանգնեմ, ինչ 300-ով: 100 դրամով կանգնողը 300 էլ կկանգնի:
Օրենքը ուժի մեջ մտնելու փաթեթը ԱԺ օրակարգում ևս մեկ անգամ կլինի՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու նպատակով: Հաստատվելու դեպքում նախատեսվում է նաև որոշակի ժամանակ տրամադրել ենթաօրենսդրական ակտերի ընդունման ու համապատասխան կահավորման համար: