Մեկ տասնյակից ավելի հասցեներում համաժամանակյա խուզարկություններ, առերես հարցաքնություններ, տեսագրություններ: Քննչական խմբի անդամները և ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողները բացահայտել են զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրող հանցավոր խումբ:
Ռաֆայել Վարդանյան (Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ) - Վերջիններս կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական զորակոչից տարկետում տրամադրելու կամ ազատելու համար 2022-ի դեկտեմբերից մինչև 2023-ի հուլիսը զորակոչիկից անձամբ կամ միջնորդի միջոցով որպես կաշառք պահանջել և ստացել են յուրաքանչյուրից 25000 դոլարին համարժեք դրամ:
Պարզվել է հանցավոր խմբի անդամների՝ միմյանց փոխլրացնող գործողությունների ամբողջական շղթան: Քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ: Վերջին ժամանակներում ամենախոշոր բացահայտումներից մեկն է:
Պարզվել են այդ խմբում ընդգրկված անդամներից յուրաքանչյուրի գործողությունները, որոնցում ընդգրկված է եղել նաև ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետը: Ունեցել են հստակ դերաբաշխում, նաև ունեցել են ուղեկցող վարորդ, կազմակերպիչ, որոնք միջնորդավորված իրականացրել են գործողություններ:
Ըստ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի հակահետախուզության ձեռք բերած տվյալների` ՊՆ Գեղաքունիքի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վարդան Մամիկոնյանը նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենի հետ և նրա միջոցով պայմանավորվածություն ձեռք բերել «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող անձի հետ ու նա զորակոչիկների փոխարեն հետազոտության է ներկայացել տարբեր բժշկական կենտրոններ:
Ռաֆայել Վարդանյան - Այսինքն` զորակոչիկը չունի առողջական խնդիր, և իր անձնագրով հետազոտություն ստանում է իրականում խնդիր ունեցող անձը:
Օգտագործել է խաբեության տարբեր եղանակներ, ներկայացել է գլխարկով, 25.000 դոլարից ունեցել է չնչին մասնաբաժինը:
Ախտորոշումը միջնորդավորված անձիք փոխանցել են մասնավոր բժշկական կնետրոնի տնօրենին, նա՝ փոխգնդապետ Վարդան Մամիկոնյանին, որն էլ, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, հետազոտության այդ ակտերը ներառել է զորակոչիկների անձնական գործերում:
Այդ եղանակով զորակոչիկի անձնական գործում հայտնվել է հետազոտության կեղծ պատասխան, որտեղ իր անունն է, բայց ախտորոշումը իրենը չէ
Հուլիսի 6-ին Վարդան Մամիկոնյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, հետապնդում է հարուցվել դեռ 3 դրվագով, ևս հինգ դեպքի նախաքննությունը շարունակվում է: Հանցավոր խմբից 2-ը՝ ՊՆ զորակոչային բաժանմունքի պետն ու վարորդը, կալանավորվել են: Մյուսների նկատմամբ խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վարդան Մամիկոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց՝ մեղադրանքը չեն ընդունում, դիրքորոշում ավելի ուշ կհայտնեն:
Ի դեպ, Գեղարքունիքի զորակոչային զորահավաքային բաժանմունքի պետ Վարդան Մամիկոնյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ կրկին խոշոր չափի կաշառք ստանալու համար: Այդ գործը 2022 թվականից Հակակոռուպցիոն դատարանում է: Նրա նկատմամբ այդ անգամ որպես խափանման միջոց էր կիրառվել 5մլն դրամ գրավը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան