ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպում տևել է երկուսուկես ժամ: Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք: Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա:
Վոլոդիմիր Զելենսկին նույնպես կարևոր է համարել հացահատիկային գործարքի պահպանումը և իրագործման շարունակությունը: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ միջանցքի գործունեությունը կախված չլինի մեկ պետության կամքից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։ Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ,- հայտարարել է Զելենսկին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի առաջիկայում։ Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է»,-նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։
Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդն է Ռյուտեն, փորձել է կրճատել փախստականների հոսքը Նիդերլանդներ: Խոսքը հատկապես պատերազմից փախած ապաստան հայցողների ընտանիքների անդամների դիմումների ընդունումը դադարեցնելու հնարավորության մասին է: Սակայն կոալիցիոն կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող համաձայնել ընտանիքի հետ վերամիավորվելու՝ մարդկանց իրավունքների սահմանափակմանը:
Երկրի ընդդիմադիր որոշ կուսակցությունների առաջնորդներ կոչ են արել շուտափույթ անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական խորհրդից էլ հայտնել են, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի նոյեմբերի կեսերից ոչ շուտ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԼԲԱՆԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ալբանիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս շատ լավ տեմպը կպահպանվի նաև ապագայում։ Այդ մասին հայտարարել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը՝ Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Ալբանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը»,- ասել է Բեգայը։
Նա հավելել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը՝ վստահելի գործընկերների և միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ։