Վահրամ Խաչատրյան (Շինարար) - Զալիվկեն անում ենք րյադ-րյադ, որ մնացածին հանկարծ չվնասենք, չփլվի:
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքի ընթացքի մասին վարպետ Վահրամն է պատմում։ Նախ քանդում են վերջին վերանորոգումից մնացած շաղախը, որը տարիների ընթացքում ջրի պատճառով քայքայվել է, այնուհետև տեղադրում են քարերը: Եկեղեցու այդ հատվածի խիստ վթարային վիճակն առաջին անգամ երկու տարի առաջ է նկատվել, երբ ավանդատան հյուսիսային մասի քայքայված պատից քար էր ընկել։
Տեր Արիստակես քահանա Բաղալյան (Բջնիի Սուրբ Աստվածածին եղեկեցու հոգևոր հովիվ) - Ջրի հոսք էինք ունենում ներսը և այս հատվածները, որ աղակալված են, ջրի հոսքի հետևանք են: Հետևաբար ջուրը մտնելով քարի, շաղախի արանքը, նաև քայքայել է: Դրա հետևանքն է դրսի այդ վնասված տարածքը, որ ներսի հատվածը դեռ չի հասցրել շատ վնասել:
Եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում, ժամանակի նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել։ Բազմիցս նորոգվել է, վերջին անգամ 1950-ական թվականներին։ Պատմամշակութային կարևոր կոթողի նորոգման համար Կառավարությունը 7 միլիոն դրամ է հատկացրել: Աշխատանքն այս ամսվա սկզբին է մեկնարկել, ավարտը նախատեսվում է օգոստոսին։ Ստեփան Ղազարյանի խոսքով՝ նորոգումն անհրաժեշտություն էր, ուշացման դեպքում հնարավոր է նույնիսկ փլուզում լիներ: Գյուղացիները փայտե հենակներ էին տեղադրել, սակայն դա երկարաժամկետ լուծում չէր:
Ստեփան Ղազարյան (Շինարարական ընկերության տնօրեն) - Մեզ մնացել ա յոթերորդ ու ութերորդ քարը տեղադրենք մի քանի օր հետո, որ անցնենք արդեն ծածկասալերի ամրակայման աշխատանքներին: Հերթական շերտերը տեղադրենք ու ծածկասալերը: Ծածկասալերը հիմա պատրաստվում են, մշակվում են:
Եկեղեցու գմբեթն էլ խնդիր ունի, քար է ընկել: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի խոսքով՝ խնդիրներին լուծում ըստ առաջնահերթության է տրվում:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Վստահաբար, նորոգումների կարիք ունեցող հատվածներ էլի կան, մասնավորապես, օրինակ՝ վեղարի ծածկը կամ ծածկասալերում խնդիրներ կան, որոնք տեսել ենք: Սակայն այս պահին հրատապ միջամտության կարիքը էդ պատի հատվածում էր:
Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանում շատ այլ եկեղեցիներ կան, որոնք վերանորոգման կարիք ունեն: ԿԳՄՍ նախարարությունը ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մրցույթ է հայտարարել, առաջիկայում կվերանորոգվեն տեխնիկական լուրջ խնդիրներ ունեցող Բագարանի Շուշանավանք եկեղեցին և Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիրը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան