Տասնամյակներ անց «Երևանի էլեկտրա-տրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվել է նոր շարժակազմով: Քաղաքապետարանի միջոցներով գնված ժամանակակից 15 տրոլեյբուսներն այսօր դուրս են եկել երթուղի: Էրեբունու զանգվածից շարժվող նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից է եղել նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այսօր երթուղի դուրս եկած 15 նոր տրոլեյբուսները առաջին օրը կարմիր ժապավենով են: Ուղևորափոխադրումը կազմակերպվում է նախկին շարժակազմին զուգահեռ՝ համար 2 և 2ա, նաև 10 և 10ա երթուղիներում: «Ա» տարբերանշանով երթուղիները շարժվում են նաև գործող ցանցից դուրս ուղեգծերով: Նոր տրոլեյբուսները մարտկոցների շնորհիվ հնարավորություն ունեն գործող էլեկտրագծերից դուրս լրացուցիչ 60 կմ սպասարկել. ամբողջն ավտոմատ է արվում, վարորդներն էլ նախկինի պես դուրս գալու և կոնտակտային ձողերն ուղղելու անհրաժեշտություն չեն ունենա.
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Կոնտակտային ցանցից դուրս հնարավորություն է ընձեռնվել սպասարկել նաև Էրեբունու զանգվածը, Աերացիան, ինչպես նաև Դավթաշենը, որի ժամանակ տրոլեյբուսների հաճախականությունը կլինի 20 րոպե առավելագույնը: Զուգահեռ սպասարկման արդյունքում հաճախման պարբերականությունը կսահմանվի 10 րոպե, և 10 րոպեն մեկ կոնտակտային ցանցի ներսում հնարավոր կլինի տեսնել տրոլեյբուսներ,
Օդափոխիչ սարքեր, USB համակարգ, WIFI հասանելիություն նաև կլինի, ուղեվարձը չի փոխվելու՝ նախկինի պես կլինի 50 դրամ: Այս տրոլեյբուսները նախատեսված են 85 հոգու համար, առանձին տեղեր կան նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Առաջիկայում շարժակազմը համալրվելու է նմանատիպ 15 տրոլեյբուսով:
Սարգիս Բեջանյան («Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն) - 2007-2008 թվականներին են եղել վերջին տրոլեյբուսները, որոնք որ ներմուծվել են Հայաստան: էս պահին մոտավորապես 49 շարժակազմ արդեն ունենք, մեր հինգ երթուղիները սպասարկելու համար մեզ հարկավոր են 100 նոր տրոլեյբուսներ:
Վարորդների կարիք կա, ներկայումս տասը հոգի ուսուցում է անցնում, մոտ մեկ ամսից գիծ դուրս կգան: Այս ընթացքում նոր տրոլեյբուսները միայն հին վարորդները կսպասարկեն:
Սուրեն Բազյան (վարորդ) - Հինը դժվարը դժվար չէր, բայց դե արդեն հին էին: Աշխատում էինք ընենց մաքուր պահել, որ մի քիչ կարանար աշխատեր, բայց դե սա արդեն բոլորովին ուրիշ տեսակ ա:
Նոր տրոլեյբուսների հարմարավետությանը այսօր նաև Երևանի քաղաքապետի տեղակալն է ծանոթացել: Տիգրան Ավինյանի խոսքով՝ տրանսպորտային պարկի համալրման գործընթացում շարունակելու են առավելությունը տալ հենց էլեկտրատրանսպորտին.
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Տրոլեյբուսները, որոնք մենք գնել ենք՝ 15 հատը, 15 հատը, որոնք պլանավորում ենք գնել, չեն սահմանափակելու մեր ծրագրերը էդ էլեկտրատրանսպորտով, մենք պլանավորում ենք նաև ձեռք բերել մոտ 250 էլեկտրաավտոբուսներ, որոնք նույնպես էլեկտրատրանսպորտ են, և, կարծում եմ, սա նույնպես նաև օդի աղտոտվածության հետ կապված խնդրին վերաբերմունքն է լինելու մեր և առաջին հերթին հարմարավետություն. էդ տրանսպորտը առհասարակ անձայն է գնում: Կարծում եմ՝ բոլորը հավանելու են, եթե հասցնենք, նույնիսկ ամառվա ընթացքում մեկ փորձնական էլեկտրաավտոբուս կբերենք:
Տրանսպորտային բարեփոխումների այս փուլում «Գազելները» մինչև սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ դուրս կգան գծերից, դրանք կփոխարինվեն նոր տրանսպորտային միջոցներով: Մինչև տարեվերջ էլ ամբողջ շարժակազմում կտեղադրվեն վերիֆիկատորներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան բանկային քարտի, բջջային հավելվածների կամ հատուկ տոմսերի միջոցով վճարել ուղեվարձը, մի քանիսում դրանք արդեն փորձնական կիրառվում են:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան