Այսօրվանից մեկնարկում է տրոլեյբուսային նոր երթուղիների սպասարկումը` ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Թվով 15 նոր տրոլեյբուսները լիովին համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին և պայմաններին, ինչի շնորհիվ կապահովեն հարմարավետ և հանգիստ երթևեկություն։
Կարևոր է, որ տրոլեյբուսային թիվ 2Ա և 10Ա նոր երթուղիները ընդգրկելու են նաև Էրեբունի զանգնվածը, Աերացիան և Դավթաշենը՝ սպասարկելով նաև տրոլեյբուսային կոնտակտային ցանցից դուրս, ինչը մեծապես կնպաստի քաղաքի երթևեկության բարելավմանը և համաչափ զարգացմանը։ Տրոլեյբուսային ցանցի և շարժակազմի արդիականացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։ Արդեն իսկ կնքվել է նոր պայմանագիր՝ ևս 15 նոր տրոլեյբուսների մատակարարման համար»,- գրել է Ավինյանը։