Այս տարի Հայաստանում սնկից 18 մարդ է թունավորվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածից երկու անգամ ավելի: Թունավորումների պատճառը հաճախ ինքնագործունեությունն է, երբ մարդիկ սունկը դաշտերից ու անտառներից են հավաքած եղել: Քիչ չեն նաև փողոցային առևտրի կետերից գնումների հետևանքով արձանագրված դեպքերը: Թունավորումներն այս տարի հիմնականում գրանցվել են ապրիլին և մայիսին:
Արայիկ Պապոյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ) - Իսկ առհասարակ գործարանային պայմաններում սնկերից թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Թունավորները հաճախ աճում են ուտելի սնկերի հարևանությամբ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել: Հիվանդանոցում չհայտնվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նաև չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճող սնկերը:
Արայիկ Պապոյան - Գրականության մեջ արձանագրված են դեպքեր, երբ ուտելի սնկերից առաջացել են թունավորումներ, ինչը բացատրվում է էն հանգամանքով, որ այդ սնկերը հավաքվել են այնպիսի վայրերից, որտեղ եղել է աղտոտվածություն, կամ մնացել են երկար ժամանակ արևի տակ, և սպունգի նման կլանել են շրջակա միջավայրի աղտոտված գործոնները, ինչն էլ հանդիսացել է թունավորման պատճառ:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը ևս թունավորման վերաբերյալ վերջերս ահազանգեր է ստացել: Խորհուրդ են տալիս գնել միայն փաթեթավորված և մակնշված ապրանքատեսակ:
Գոհար Վարդանյան (ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Որտեղ հստակ սահմանված է՝ արտադրողը ով է, ինչ պայմաններում է արտադրվել, անցել է համապատասխանության գնահատում, թե ոչ: Արտադրողի այդ մակնշման պահանջը պարտադիր է, որպեսզի մենք կարողանանք հետագծելիությունը ապահովենք՝ որտեղից է եկել նշված սննդամթերքը, ու կարողանանք վերահսկողություն իրականացնել և՛ իրա արտադրության գործընթացի նկատմամբ, և՛ փաստաթղթերի հետ կապված գործընթաց կարողանանք իրականացնել:
Սնկից թունավորումներն ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Հիմնական ախտանշաններն են որովայնի սուր ցավը, սրտխառնոցը, գլխապտույտը, գլխացավը: Մասնագետների խորհուրդն է՝ մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և անմիջապես դիմել բժշկի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան