Դիզվառելիքի` մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով շարունակվում է մեղադրյալների ցուցմունք տալու և հարցերին պատասխանելու փուլը: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը դատարանում նախ հայտնեց՝ 2013թ. իր ընկերության և Գյուղատնտեսության նախարարության միջև դիզվառելիքի մատակարարման ծրագրից տեղյակ եղել է, բայց մանրամասներին չի տիրապետել, ապա հավելեց՝ ծրագրի կատարումը վստահված է եղել ընկերության Գլխավոր տնօրեն Յաշա Խաչատրյանին:
Բարսեղ Բեգլարյան («Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր) - Ասել եմ՝ նայեք, տեսեք, եթե դուք ունեք այդ հնարավորությունը և կարող եք, ավելին ասեմ ձեզ, քանի որ 2012թ. նույնպիսի ծրագրով մասնակցել ենք կառավարության` էլի հողօգտագործման դիզվառելիքի մատակարարմանը, բնականաբար, փորձն ունենք, ասել եմ` եթե ուժդ պատում է, հնարավորությունները կան, մասնակցեք:
Բեգլարյանի պնդմամբ՝ ծրագրի վերաբերյալ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ երբևէ քննարկում չի ունեցել, թեև Կարապետյանին ճանաչել է երկար տարիներ, միասին եղել են Գործարարների միության նախագահության անդամ:
Բարսեղ Բեգլարյան - 10 թվականին, ինչքան ես հիշում եմ, հանդիպում կար Գործարարների միության հետ, երկրի նախագահի հետ, հնարավոր է՝ վարչապետն էլ է եղել, հիմա ես չեմ կարող հիշել: Այդ հանդիպման ժամանակ խիստ դժգոհություն կար Գործարարների միության կողմից, որ գյուղնախարարը շատ վատ է իրեն դրսևորում, չի տիրապետում և բավականին «տոռմուզներ» է տալիս: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը` նախագահն այն ժամանակվա, ասաց՝ իսկ ունեք դուք այնպիսի լավ թեկնածու, մենք բոլորս ասացինք` Սերգո Կարապետյանը, ով նաև բիզնես ունի, ինքն էլ հիմա այստեղ է, եթե դուք իրեն տաք, մենք նաև ինչ-որ իմաստով երաշխիք ենք տալիս, որ ինքը լավ կաշխատի, համենայնդեպս, դրանից վատ լինել չի կարող:
Դատախազի հարցին ի պատասխան` Բարսեղ Բեգլարյանը նշեց՝ Սերգո Կարապետյանի խնդրանքով հանդիպել են արդեն քրեական գործի հարուցումից հետո:
Բարսեղ Բեգլարյան - Կաբինետումս նստեց, ասում է՝ գիտես, այդ գյուղօգտագործման ծրագրի պայմաններում հիշում ես, որ այսպիսի բաներ կային, ասում եմ՝ Սերգո, ոնց կարող է` ես հիշեմ, 6 տարի անցել է, դու գիտես, որ այդ ծրագրի թամադան Խաչատրյան Յաշան է՝ գործադիր տնօրենը: Հենց հիմա ես կանչեմ, հետը զրուցի: Չէ, ես իր հետ ոչ մի գործ չունեմ, ասում եմ՝ Սերգո, ունես - չունես, ես այն ժամանակ հիշում եմ, որ դուք Խաչատրյան Յաշայի հետ եք գործ բռնել, ես այդ ծրագրից երբևիցե խաբար եմ եղել: Չէ ասում է, քրեական գործ են հարուցել, ինձ կանչել են հարցաքննության, ես Յաշա չեմ ճանաչում, եկել եմ ձեզ ասեմ, որ գնա, գլխիդ ճարը տես:
Հարցին, թե ինչու էր Կարապետյանն իր մոտ եկել, եթե Բեգլարյանը ծրագրի մանրամասներին չէր տիրապետում, Բարսեղ Բեգլարյանը նշեց՝ այն ժամանակ չէր հասկանում, բայց հիմա կարող է որոշ ենթադրություններ անել:
Բարսեղ Բեգլարյան - Ենթադրում եմ, որ ինքը նույնիսկ կարող էր հեռախոսով գալ, ինձ զապիս աներ, տեսներ` ես ինչ կխոսամ, ինչ չեմ խոսա:
Ըստ «Ֆլեշ» ընկերության սեփականատիրոջ՝ 2013 թվականին Հայաստանում միայն երկու ընկերություն կար, որ կարող էր ապահովել 17 մլն լիտր դիզվառելիքի ներկրումը, տեղաբաշխումն ու իրացումը Հայաստանում և Արցախում: Բարսեղ Բեգլարյանի խոսքով՝ դա է եղել Գյուղնախարարության մրցույթում իր ընկերության հաղթելու պատճառներից մեկը:
Բարսեղ Բեգլարյան - Այդ ժամանակ, բացի Ֆլեշ ՍՊԸ-ից, երկրորդ ընկերությունը CPS-ն է, որը կարող էր այդ ծրագրի տակ անցնել: Այդ ծրագրի տակ անցնելու, կատարելու համար պետք է ունենաս գոնե 15 հազար տոննայանոց ռեզերվուարներ, նույն տիպի ունի նաև CPS-ը, մյուսները չունեին, չէին կարող այդ ծրագրի տակ նրանք մտնեին, և դա ուղղակի բացառված է բոլոր առումներով:
Բեգլարյանը հայտնեց՝ ծրագրի հետ կապված քննարկում չի ունեցել նաև Սերժ Սարգսյանի հետ, թեև 70-ականներից ունեն ջերմ հարաբերություններ:
Բարսեղ Բեգլարյան - Դա այն մանրուքային հարցն է, որ նույնիսկ այդպիսի հարց ես գամ, Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ, ինքն ինձ կասի՝ դու իմ լավ ընկերն ես, բայց դու անլուրջ մարդ ես:
Բարսեղ Բեգլարյանին ուղղված հարցերի ավարտից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստում ցուցմունք կտա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան