Մոտ մեկ ամիս առաջ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում սկսվեցին բարեկարգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է երեք փուլով: Այս պահին այգու առաջին հատվածում ընթանում են քանդման աշխատանքները, որից հետո կսկսվի այս հատվածի բարեկարգումը:
Արտակ Հովակիմյան (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար) - Փուլային տարբերակով է լինելու, որովհետև երեք ամսից մենք կունենանք արդեն մեկ հատվածի բացումը, որպեսզի մեր բնակիչները նաև ունենան հնարավորություն` վայելելու, օգտագործելու այս գեղեցիկ, նոր կառուցվող այգին, ուզում եմ տեղեկացնել, որ ծրագիրը 600 մլն դրամ է, և հնարավոր է նաև աճ լինի գումարային:
Այգու բարեկարգման երեք նախագիծ էր ներկայացվել, ընտրվել է այն տարբերակը, որտեղ կանաչ տարածքն ավելի շատ է եղել: Այգին վերջնական ունենալու է այս տեսքը՝ մոտ մեկ հեկտար կանաչ տարածք, 150 նոր նստարան, մանկական խաղահրապարակներ: Պատասխանատուները նշում են՝ քանի որ այս այգին հայտնի է որպես Շատրվանների այգի, տեղադրվելու են նոր, մեծ շատրվաններ:
Ավետիս Ավագյան (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ) - Երգող շատրվաններ ենք նախատեսում ունենալ, նաև էդ կասկադաձև հին շատրվանները կմնան: Այգին բաժանված է չորս հարթությունների, և սենց ասեմ՝ առաջին հարթակում մենք ունենք հատված տարեցների համար, հետո երեխաների, և ամբողջը բաժանված է լինելու, որպեսզի այն տեղերում, ուր մարդիկ ուզում են նստել, հանգստանալ, երեխաների ձայները չխանգարեն, այս ամենը հաշվի ենք առել:
Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին մոտ 15 տարի չէր բարեկարգվել, այն վարձակալության էր տրված:
Արտակ Հովակիմյան - Էլ երբեք չի լինելու վարձակալություն, այգին վերակառուցումից հետո լինելու է մեր Երևանի քաղաքապետարանի բալանսի վրա:
Այգում սկսված շինարարական եռուզեռը բնակիչներին անհանգստացրել է. աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց՝ արդյունքը գոհացնելու է բոլորին:
Նախատեսվում է այգու բարեկարգման ամբողջ աշխատանքներն ավարտել 1 տարում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան