Այսօր սպասվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու աշխատանքային այցը Թուրքիա։ Երկու երկրի ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, դրանք կանցկացվեն երկկողմ ձևաչափով և պատվիրակությունների կազմով։
Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել հացահատիկի գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, գերիների փոխանակումը, աջակցությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցում և հույս ունի հասնել պայմանավորվածությունների կատարմանը:
Ըստ Hürriyet թերթի՝ Էրդողանն ուրբաթ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կրկին հանդես կգա ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդության նախաձեռնությամբ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Կրեմլը ուշադիր հետևելու է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին: Մենք պահպանում ենք կառուցողական, գործընկերային հարաբերություններն Անկարայի հետ։ Բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները և նույնը զգում ենք թուրքական կողմից»։
Նա հավելել է՝ անձամբ Վլադիմիր Պուտինն էլ միշտ բարձր է գնահատել ուկրաինական ճգնաժամը լուծելու հարցում Էրդողանի ջանքերը, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկար Կրեմլը դեռևս չի տեսնում:
Պեսկովը նշել է, որ Զելենսկի-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը։