Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ այն պատճառով, որ որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից։
«Ես հասկանում եմ, որ դժվար է ստանալ բոլորի միասնական աջակցությունը։ Ինչ-որ մեկը նայում է Մոսկվային, ինչ-որ մեկը վախենում է Ռուսաստանից»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում:
Նա նաև հավելել է, որ Պավելի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացման, բոլոր մակարդակներում երկու երկրի փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Չեխիայի աջակցությունը «խաղաղության բանաձևին»։
Չեխիայի նախագահը վստահեցրել է, որ Կիևը կարող է հույսը դնել Պրահայի վրա ինչպես ռազմական աջակցության, այնպես էլ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում: Պետր Պավելն ընդգծել է՝ Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դաշինքի անդամ երկրները կամրագրեն Ուկրաինային աջակցությունը, ինչպես նաև 500 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրեն Կիևին:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պրահային Կիևին աջակցելու և Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, ինչը, նախագահի խոսքով, մոտեցնում է Ուկրաինայի հաղթանակը: Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հաջողություններ է գրանցում: