Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից interpressnews.ge-ին հայտնել են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։
Դեսպանը ստիպված է եղել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը նախագահ Զելենսկու որոշմամբ։ Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, կառավարության հետ քննարկի նաև բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու՝ պաշտոնական Կիևի պահանջը:
Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել է, որ չի պատրաստվում խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայում իր դեսպանի հետ: Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Զելենսկու որոշումը զգալի վնաս է հասցնում երկու երկրի ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Վրացական կողմը նշել է՝ քանի որ Ուկրաինան գտնվում է պատերազմի ակտիվ փուլում, Թբիլիսին չի արձագանքի ուկրաինական կողմի քայլերին՝ ավելի չսրելու առանց այդ էլ ծանր իրավիճակը: