Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ Լոնդոնը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ IRNA գործակալության հաղորդագրության համաձայն՝ Իրանի ԱԳՆ-ն բրիտանական իշխանությունների հայտարարությունները և դիրքորոշումները, ինչպես նաև Իրանի դեմ վերջին պատժամիջոցները համարում է ապօրինի միջամտություն և խստորեն դատապարտում է դրանք։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Վոլոդիմիր Զելենսկին Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ, քննարկել պատերազմի ընթացքը և առաջնագծում իրավիճակը: Պավելը հայտարարել է, որ Կիևը կարող է հույսը դնել Պրահայի վրա ինչպես ռազմական աջակցության, այնպես էլ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում:
Չեխիայի նախագահն ընդգծել է՝ Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դաշինքի անդամ երկրները կամրագրեն Ուկրաինային աջակցությունը, ինչպես նաև 500 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրեն Կիևին: Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինա կայցելի չեխ փորձագետների պատվիրակություն՝ քննարկելու երկու երկրի հարաբերություններն ընդլայնելու հեռանկարը և Ուկրաինայի վերականգնմանը ներգրավվելու հնարավորությունը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պրահային՝ Կիևին աջակցելու և Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, ինչը, նախագահի խոսքով, մոտեցնում է Ուկրաինայի հաղթանակը: Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հաջողություններ է գրանցում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին տարբեր տեսակի զինամթերքի մատակարարման հետ կապված հարցեր։ Պաշտոնյաներն անդրադարձել են առաջնագծում զարգացումներին, հակահարձակման ընթացքին և Ռուսաստանում հունիսի 24-ի զինված ապստամբության փորձին:
Ռեզնիկովը և Օսթինը ևս մեկ անգամ շեշտել են, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զինված ուժերն Ուկրաինայի տարածքից: Ուկրաինայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կկայանա Ռամշտայնի ձևաչափով Կիևին ռազմական աջակցության կոնտակտային խմբի հերթական հանդիպումը։
500 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրամիության խորհուրդը Եվրախորհրդարանի հետ համաձայնեցրել է ԵՄ երկրներում զինամթերքի արտադրությունն ընդլայնելու նախագիծը։
Այսպիսով՝ ԵՄ բյուջեից շտապ 500 մլն եվրո կհատկացվի զինամթերքի ու հրթիռների արտադրությունն ավելացնելու համար։ Միաժամանակ կյանքի կկոչվի Ուկրաինային և Միության անդամ երկրներին երկարաժամկետ ռազմական աջակցության ծրագիրը։ Նախաձեռնության համաձայն՝ նախատեսվում է 12 ամսվա ընթացքում արտադրել 1 մլն զինամթերք։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հուլիսի վերջին։
ԹԲԻԼԻՍԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԿԱՑՆԻ ԿԻԵՎՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Վրաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայում հանրապետության դեսպան Գիորգի Զաքարաշվիլու հետ: Նրան պաշտոնական Կիևը վճռական բողոք էր հայտնել, կարգադրել վերադառնալ Թբիլիսի և կառավարության հետ քննարկել բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու՝ պաշտոնական Կիևի պահանջը: Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հավելել է, որ դեսպանն արդեն լքել է Ուկրաինայի տարածքը:
Ավելի վաղ՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Զելենսկու որոշումը զգալի վնաս է հասցնում երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Վրացական կողմը նշել է՝ քանի որ Ուկրաինան գտնվում է պատերազմի ակտիվ փուլում, Թբիլիսին չի արձագանքի ուկրաինական կողմի քայլերին՝ ավելի չսրելու առանց այդ էլ ծանր իրավիճակը:
ՇՎԵԴԻԱՆ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Թուրքիան պարզապես չի հասցնի վավերացնել Շվեդիայի հայտը, նույնիսկ եթե նման ցանկություն ունենա:
«Այնուհանդերձ, առաջիկա գագաթնաժողովում հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել», - հավելել է պաշտոնյան։ Ստոլտենբերգը խոստացել է հուլիսի 10-ին հանդիպում անցկացնել Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ երկրների միջև առկա տարաձայնությունները լուծելու համար:
Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը խոչընդոտում է նաև Հունգարիան: Երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բուդապեշտը կփոխի իր մոտեցումը, եթե Անկարան Ստոկհոլմի համար կանաչ լույս վառի: