Կրկնակի վիրահատություններից ու անցանկալի հետևանքներից խուսափելու համար նախատեսվում է կարգավորել մարդու օրգանիզմում տեղադրվող բժշկական արտադրատեսակների ներմուծման օրենսդրությունը: Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը մշակել են օրենքների նախագծերի փաթեթ, որով ներմուծող ընկերությունը կկարողանա արտադրողից պահանջել իմպլանտի ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկատ:
Նարեկ Զեյնալյան (ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով) - Շուկայում կան այնպիսի արտադրատեսակներ, որոնք չունեն ո՛չ ծագման սերտիֆիկատ, ո՛չ որակի համապատասխանության հավաստագիր: Բնականաբար, այս արտադրատեսակները, երբ ներդրվում են օրգանիզմ, հետագայում խնդիրներ առաջանալու հավանականությունը բավականին մեծ է: Ե՛վ որոշակի ժամանակ անց կրկնակի նման հետազոտություն անցնելու հավանականությունն է մեծանում, որի համար ևս նորից պետությունը պետք է վճարի, և հետագայում կարող է հաշմանդամության խնդիր ծագել:
Ըստ նախագծի՝ խոսքն այն բժշկական արտադրատեսակների մասին է, որոնք մարդու օրգանիզմում տեղադրվում են վիրահատությամբ և այնտեղ մնում 30 օրից ավելի:
Նարեկ Զեյնալյան - Օրինակ՝ աչքի ոսպնյակներն են, սրտային ստենդներն են, սրտի ռիթմավար և այլն:
Նարեկ Զեյնալյանն ընդգծում է՝ այն դեպքերում, երբ իմպլանտի տեղադրումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, գումարը տալիս է պետությունը, այսպիսով՝ որակյալ և սերտիֆիկացված արտադրատեսակի ձեռքբերումը բժշկական հաստատությունների համար հավելյալ ծախս չի առաջացնի: Օրենքի նախագծով չի կարգավորվում մասնավոր ընկերությունների գնման դեպքում սերտիֆիկատի առկայությունը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հավաստագրերը պահանջելու դեպքում որոշ արտադրողներ կարող են դադարեցնել համագործակցությունը ներմուծող ընկերությունների հետ, բայց գերական պետք է համարվի մարդու առողջությունը:
Նարեկ Զեյնալյան - Որակի համապատասխանության հավաստագիրը փաստում է, որ տվյալ արտադրանքը տվյալ արտադրողինն է և ինքը պատասխանատու է տվյալ արտադրանքի համար, իսկ ծագման սերտիֆիկատը յուրաքանչյուր տվյալ արտադրատեսակի համար է տրվում, և սա հնարավոր է լինում նույնականացնել, երբ այդ հետազոտությունը արվում է, և այդ ծագման սերտիֆիկատում նշված սերիային համարը փակցվում է հիվանդության պատմության մեջ:
Օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովում դրված է շրջանառության, հեղինակները նախատեսում են այն ընդունել հնարավոր կարճ ժամկետում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան