Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, նկարիչ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր միակ և անկրկնելի Տակեշի Կիտանոն։
Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից, ինչպես նաև «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր՝ բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ կներկայացնեն Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ՝ որպես Կիտանոյի առաջին մեծ դերը կինոյում և որպես հարգանքի տուրք կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյին։
Տակեշի Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։