ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում ևս աշխատանքային խմբերն այցելել են շենքային անմխիթար պայմաններում գտնվող, փոքրաքանակ աշակերտական համակազմով դպրոցներ, իրականացրել մանրամասն տեղազննություն:
«Ըստ էության՝ Լոռին և Շիրակը վերջին երկու մարզերն էին. այս որոշմամբ ՀՀ բոլոր մարզերի կառուցվող հաստատությունների ընդհանուր թիվը կկազմի 172, որոնցից 84-ը՝ կրթահամալիր, 81-ը՝ առանձին դպրոց: 7 դպրոց ամբողջական տեսքի կբերվի մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման և վերանորոգման արդյունքում: Այսպիսով՝ 172 հաստատության կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,6 մլրդ դրամ: Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ որոշման նախագծեր Երևան քաղաքի, ինչպես նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի այն դպրոցների համար, որտեղ լրացուցիչ դիտարկման կարիք կա»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կառուցվող հաստատությունների նախագծային հզորությունները հաշվարկված են շուրջ 50 հազար երեխայի համար:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ այլ ծրագրերի շրջանակում անցած տարի 24 դպրոցում շինարարական աշխատանքներն ավարտվել են. այս պահին շինարարություն է ընթանում 100-ից ավելի հաստատություններում: «Պարբերաբար քննարկումներ ենք ունենում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, և կարծում եմ, որ այս ծրագրի շրջանակում 300 դպրոց և ավելին ապահովելու ճանապարհին ենք»,- փաստել է նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը, ընդգծել է, որ դրա նպատակն է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր բնակավայրերի բոլոր երեխաների համար:
Նշենք, որ Լոռու մարզում ընտրվել է 32 բնակավայր, որոնցից 11-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 11-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 2-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն: Դպրոցներից 4-ի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում (պահանջվում են անհատական նախագծեր և այլն) և 2-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Շիրակի մարզում ընտրվել է 27 բնակավայր, որոնցից 4-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 9-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 5-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն: Դպրոցներից մեկի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում, և 4-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Ընդ որում՝ խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է փաստաթղթերը ձեռք բերել առկա (տարիների ընթացքում ձեռքբերված) նախագծերի տեղակայման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)։
ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի հաստատություններն են՝
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ
|
ՀՀ Լոռու մարզ
|
գ. Հարթագյուղի կրթահամալիր
|
գ. Լորուտի կրթահամալիր
|
ք. Ալավերդու կրթահամալիր (ք. Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի տեղակայման վայրում)
|
ք. Թումանյանի կրթահամալիր (ք. Թումանյանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում)
|
գ. Քարինջի կրթահամալիր
|
գ. Բազումի կրթահամալիր
|
գ. Միխայլովկայի կրթահամալիր
|
գ. Լեջանի կրթահամալիր
|
գ. Կաթնառատի կրթահամալիր
|
գ. Գարգառի կրթահամալիր
|
գ. Նորաշենի կրթահամալիր
|
ՀՀ Շիրակի մարզ
|
գ. Քեթիի կրթահամալիր
|
գ. Հայրենյացի կրթահամալիր
|
գ. Բյուրակնի կրթահամալիր
|
գ. Բավրայի կրթահամալիր
|
ԴՊՐՈՑՆԵՐ
|
ՀՀ Լոռու մարզ
|
գ. Ճոճկանի միջնակարգ դպրոց
|
գ. Արևածագի Կ․ Մելիքսեթյան անվան միջնակարգ դպրոց
|
գ. Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց
|
ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց (դառնալու է միջնակարգ)
|
ք. Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոց
|
գ. Աքորու միջնակարգ դպրոց
|
ք. Ալավերդու Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց
|
ք. Վանաձորի Ստ.Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց
|
գ. Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
|
գ. Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
|
գ. Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց
|
ՀՀ Շիրակի մարզ
|
գ․ Սարատակի միջնակարգ դպրոց
|
գ․ Ամասիայի միջնակարգ դպրոց
|
գ․ Ջրափիի միջնակարգ դպրոց
|
գ․ Շիրակավանի միջնակարգ դպրոց
|
գ․ Երազգավորսի միջնակարգ դպրոց
|
ք. Գյումրու Գ.Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց
|
գ․ Մայիսյանի միջնակարգ դպրոց
|
գ․ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց
|
գ․ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց
|
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐ
|
ՀՀ Լոռու մարզ
|
գ. Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց
|
գ. Ղուրսալու միջնակարգ դպրոց
|
ՀՀ Շիրակի մարզ
|
գ. Ջաջուռի միջնակարգ դպրոց
|
գ. Մուսայելյանի միջնակարգ դպրոց
|
գ. Կառնուտի միջնակարգ դպրոց
|
գ. Սարալանջի միջնակարգ դպրոց
|
գ. Ցողամարգի միջնակարգ դպրոց
|