Վերջին 1 շաբաթվա ընթացքում կարմրուկի 13 դեպք է գրանցվել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ փոքր ծավալներով, բայց բռնկումները դեռ շարունակվում են:
«Պատվաստման աշխատանքները բավականին մեծ թափով ընթանում են: Մենք հիմա բուժաշխատողների շրջանում ենք իրականացնում լայնածավալ պատվաստումներ, որովհետև առաջին թիրախը նրանք են, և, ցավոք սրտի, նաև փոխանցողը, երբ որ գալիս է ինչ-որ պացիենտ կարմրուկով:
Կարծում ենք, որ այս պատվաստումների արդյունքում պետք է 1-2 ամսվա ընթացքում դեպքեր չլինեն»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում շարունակում են բերովի դեպքեր գրանցվել:
«Տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է: Կան երկրներ, որտեղ բռնկումները շատ ավելի մեծ ծավալների են հասնում, ինչը ցույց է տալիս, որ մենք չենք կարող խուսափել նաև Հայաստանում անընդհատ բերովի դեպքերից»,- ասաց Ավանեսյանը: