Արարատյան դաշտավայրի արևից հապալասի թփերը արագ են հասունացել․ Գրիգոր Շեղամյանը երբ անցած տարի դրանց տնկիները Լեհաստանից բերեց ու դրեց Արշալույսի իրենց հողում, հույս չուներ, որ մեկ տարի անց բերք կտան։ Բարձրարժեք մշակաբույսը շատ արագ հարմարվեց հայկական միջավայրին։
Գրիգոր Շեղամյան (ֆերմեր) - Առաջին տարին է՝ դրել ենք, ու բերք է տվել, սա հրաշք է։ Ուսումնասիրել ենք Հայաստանի շուկան, գրեթե զրո է, և բույսի մշակության մասին ոչինչ չգիտեն։ Համագործակցում եմ լեհ մասնագետների հետ, տարին մի քանի անգամ հրավիրում եմ այստեղ և ամեն ինչ անում իրենց խորհրդատվությամբ։
Որպեսզի բույսը պաշտպանի արևի ուղիղ ճառագայթներից, մարգերի արանքում սև ու սպիտակ թաղանթներ է անցկացրել։ Ասում է՝ սևը կլանում է արևի ճառագայթները, իսկ սպիտակը՝ դրանք հավասարաչափ սփռում։
Գրիգոր Շեղամյան - Անցած տարի սևով են արել, լավ աճել է։ Այս տարի սպիտակն ենք փորձում, հնարավոր է՝ արևը շատ է, որ մի քիչ պակաս լինի, ավելի լավ աճի։
Գրիգորը Լեհաստանից Հայաստան է վերադարձել՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերով ոգևորված։ Որոշել է այգին մեծացնել, նաև օգնել ու իր փորձը փոխանցել նրանց, ովքեր հետաքրքրված են հապալասի մշակությամբ։ Նպատակ ունի Հայաստանում զարգացնել էլիտար համարվող հատապտղի մշակությունը։
Գրիգոր Շեղամյան - Կառավարության հետ պայմանագիր ունեմ, որ 3 հա այգի պետք է հիմնեմ՝ սուբվենցիայով՝ 50/50։ Նախատեսում եմ այս տարի աշնանը այգին հիմնել, աշխատանքներն ավարտեմ ու դիմեմ կառավարություն՝ սուբսիդիայի համար։
Լեհ գործընկերների խորհրդով փորձում է մասսայականացնել հապալասի մշակությունը Հայաստանում։ 2300 քմ տարածքում 60 հազար տնկի է դրել։ Նաև սածիլներ է ստանում, որոնք հողի մեջ տեղափոխելուց կարճ ժամանակ անց ևս առատ բերք են տալիս։
Գրիգոր Շեղամյան - Լեհաստանում որ աճեցնում են, 2-րդ տարում այս արդյունքը չեն ստանում, լավ է ընդունել Հայաստանի եղանակային պայմանները, աճն ավելի լավ է, քան Լեհաստանում։ Չափից ավելի բերքատվություն ունի, նույնիսկ պետք է էտել, ես խոշոր էտ եմ արել, թողել եմ միայն մեծ պտուղը։
Բույսի առողջ աճի համար երկու կարևոր պայման կա․խոնավությունն ու թթվայնությունը։ Հողում դրանց առկայությունը ստուգում է հատուկ գործիքներով։ Տորֆով հարուստ հողը երբեք չի թողնում չորանա։
Գրիգոր Շեղամյան - Բաժակը բացեցիր՝ չոր եղավ, կփչանա, միշտ պետք է խոնավ լինի։
Վաճառքն առայժմ իրականացնում է առցանց և սուպերմարկետներում։ Իսկ երբ այգին մեծացնի, նաև կաշխատի արտահանման ուղղությամբ։ Ասում է՝ Հայաստանում հապալասն աճում է այն ժամանակ, երբ աֆրիկյան երկրներում բերքահավաքն ավարտված է լինում, իսկ Եվրոպայում՝ չսկսված։