«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռք բերած վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արդեն իսկ իրականացվող փորձաքննություններն ու հետազոտությունները համալրել փորձաքննության նոր տեսակներով և ուղղություններով։
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ կենտրոնի հոգեբանական, լեզվաբանական և մշակութաբանական փորձաքննություններ իրականցնող բաժինների ակտիվ համագործակցության արդյունքում Փորձագիտական կենտրոնի գործունեության մեջ առաջին անգամ իրականացվել է համալիր փորձաքննություն՝ ապրանքային նշանների շփոթության աստիճանի նմանության գնահատման ուղղությամբ։ Փորձաքննության այս ենթատեսակի նպատակն է ճշգրիտ մասնագիտական հիմնավորումներով հերքել կամ հաստատել տարբեր ապրանքային նշանների միջև դատական վեճերով քննարկվող այն նմանությունները, որոնք կարող են շփոթություն առաջացնել սպառողի մոտ։
Նման փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրման ենթակա են, ինչպես անվանումների լեզվաբանական առանձնահատկությունները (նշանակություն, բառակազմություն, կիրառելիություն և այլն), այնպես էլ գրաֆիկական դիզայնի, պատկերանշանի և մշակութաբանական հետազոտման ենթակա այլ տարբերանշաններ։