ԲԼԻՆՔԵՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ Բլինքենն ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը և կոչ արել Թուրքիային՝ աջակցել Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Քննարկվել է նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ընդլայնման կարևորությունը:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ակնկալվում է, որ այս հստակ և անկեղծ երկխոսության արդյունքները նոր գլուխ կբացեն երկու բարեկամ, եղբայրական և հարևան երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում և կհիասթափեցնեն երկու երկրների թշնամիներին ու չարակամներին»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Աբդոլլահիանը Բաքվում մասնակցել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, որի շրջանակում էլ հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումները, Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերությունները:
Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը: Սակայն Աբդոլլահիանը ևս մեկ անգամ շեշտել է՝ Իրանը դեմ է և միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը:
ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Թել Ավիվում ցուցարարները սկսել են բարիկադներ ստեղծել և խարույկներ վառել քաղաքի գլխավոր մայրուղու վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 10 ցուցարարի: Ավելի վաղ ցուցարարները շրջափակել էին գլխավոր մայրուղին, իսկ ոստիկանությունը ցույցը ցրելու համար ջրցան մեքենաներ էր կիրառել:
Բախումների ընթացքում տուժել է մոտ մեկ տասնյակ մարդ: Բողոքի նոր ալիքի առիթ է դարձել ոստիկանապետի պաշտոնանկությունը: Ամի Էշեդը հայտարարել է, որ պաշտոնից հեռանում է քաղաքական ճնշումների հետևանքով: Նա պնդել է, որ մինչև հիմա իր վարած քաղաքականությունը կանխել է երկրում քաղաքացիական պատերազմը:
Հունվարից սկսած` Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում ընթանում են դատաիրավական բարեփոխումների նախաձեռնության դեմ բողոքի ցույցեր: Ըստ ցուցարարների՝ Նեթանյահուի նախաձեռնած դատաիրավական փոփոխությունները հակաժողովրդավարական են, քանի որ միտված են սահմանափակելու երկրի Գերագույն դատարանի անկախությունը և գործադիրին ավելի մեծ ազդեցություն տալու դատավորների նշանակման գործընթացում, ինչը իր հերթին ճանապարհ է հարթում ավտորիտար ռեժիմի հաստատման համար: Նեթնայահուի կառավարությունն էլ նման փոփոխությունները պայմանավորում է երկրի իշխանության երեք թևերի հավասարակշռման խնդրով: