ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Պետությունը կաջակցի տնամերձ հողամասերում այգի հիմնել, ներդնել ոռոգման արդի համակարգ: Փորձնական ծրագիրը մշակվել է վարչապետի հանձնարարությամբ, կիրականացվի 2023-24-ին Տավուշի մարզի Խաշթառակ, Բերքաբեր գյուղերում: Ծրագրի շահառու կլինեն առնվազն 100-ից մինչև 1000 ք.մ՝ ծառերից, այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները: Նպատակն է խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագրով տնկիներով այգիների ստեղծումն ու ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործումը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - ՀՀ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, կփոխահատուցի ծախսերի 95 տոկոսը, իսկ համայնքը կամ շահառուն՝ 5 տոկոսը: Երկու բնակավայրում իրականացվելուց հետո կամփոփվեն ծրագրի արդյունքները հետագայում ամբողջ հանրապետությունում իրականացնելու համար:
Վարչապետի արձանագրմամբ՝ քաղաքացիների բարեկեցության վրա տնամերձ հողամասերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ չկա այն ընկալումը, որ համայնքը տնամերձերի հանրագումարի արդյունքում կարող է դառնալ գյուղատնտեսական կլաստեր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տնկված են ծառեր, որ տնկվել են մի անցյալ ժամանակաշրջանում, և դրանից հետո այդ այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվել, դա նայվել է որպես հոբբի: Կան բազմաթիվ հողեր, որոնք որպես հոբբի էլ չեն մշակվում: Եթե կարողանանք այն էֆեկտին հասնենք, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերը նույն մշակաբույսը տնկում են, մշակում նոր տեխնոլոգիայով, գյուղը դառնում է այդ մշակաբույսի արտահանման և մատակարարման կլաստեր:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ լավ օրինակ են Բերդ խոշորացված համայնքի գյուղերում թզի այգիները, որտեղից միրգը, ըստ վարչապետի, բավական լավ գներով արտահանվում է:
Նիկոլ Փաշինյան - Պետք է աշխատենք, որ յուրաքանչյուր բնակավայրում մի մշակաբույսի, որտեղ մասնագետները, խնդրում եմ լսել մասնագետներին, ոչ մեկին չենք թերագնահատում, բայց կան հարցեր, որ մեր գործը չէ իմանալ, այս հողը որ բույսին է հարմար, պետք է լսել մասնագետներին: Մեր նպատակը կլաստեր ստեղծելն է՝ հողամասերի փազըլը հավաքելով: Կարևոր է, որ մեր քաղաքականությունները լինեն համապարփակ: Ասում ենք՝ սահմանամերձում դպրոցը, ամբուլատորիան, ճանապարհը կառուցում ենք, բնակարանների ծրագիրը անում ենք, նաև այլ զարգացման ծրագրեր:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԻՓՈԹԵՔՈՎ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով առանձնատուն կառուցելու պետական աջակցության ծրագրին: Ծրագրի վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Տավուշում մոտ 100 քաղաքացի ծանոթացել է վարկավորման պայմաններին:
Հայկ Ղալումյան (Տավուշի մարզպետ) - Ունենք տրամադրված 1-ին տրանշ 3 վարկի Ոսկեպար, Բերքաբեր և Արծվաբերդ գյուղում: 3 վարկ ունենք, 2-ը՝ Բերքաբերում, 1-ը՝ Կիրանցում: Մոտ 15 քաղաքացու փաստաթղթերը շրջանառության փուլում են, պահանջարկը մեծ է:
Նիկոլ Փաշինյան - Կա՞, որ արդեն շինարարությունը ֆիզիկապես տեղի է ունենում:
Հայկ Ղալումյան - Այդ երեք գյուղում ընթանում է շինարարությունը, քաղաքացիները պատրաստվում են դիմել 2-րդ փուլին:
Վարչապետը հիշեցրեց ծրագրի պայմանները՝ Կառավարության երաշխավորմամբ՝ բանկը տրամադրում է մինչև 16 միլիոն դրամ:
Նիկոլ Փաշինյան - Ամենակարևորը՝ այս 16 մլն վարկի և՛ մայր գումարը, և՛ տոկոսը փակում է Կառավարությունը պետական բյուջեից: Քաղաքացին այս 16 միլիոնը ծախսում է, սեփական միջոցներից չի ծախսում, կա՛մ նախագծման փուլում, կա՛մ եթե ուզում է 20 միլիոն ծախսի. սա սահմանամերձի զարգացման կարևոր ծրագիր է:
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում ծրագրի 3 դիմորդից մեկին արդեն շինթույլտվություն է տրվել: Վայոց ձորում, ըստ մարզպետի, ծրագրի հանդեպ աշխուժություն կա, բայց տեմպերը դանդաղ են: Ծրագրին մասնակցելու 4 դիմում ունեն Արենի, Խաչիկ, Գոմք, Խնձորուտ գյուղերից: Մեծ է հետաքրքրությունը բիզնես ոլորտից:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կան առաջարկներ, որ որևէ ընկերություն, շինկազմակերպություն մի քանի տուն կառուցի, որոշակի հիմունքներով տա քաղաքացիներին: Առաջիկայում քննարկում կունենանք: Արարատում դեռ հայտ չունենք, Սյունիքում 8 հայտ ունենք: Խնդիր կար գրավի հետ կապված, նախարարությունը շրջանառում է նախագիծ, ծրագիրը կակտիվանա:
Նիկոլ Փաշինյան - Նպատակից չենք շեղվում, սահմանամերձ գյուղերի մասին է խոսքը, ինչը այս շրջանակում է, լավարկենք: Էությունը դեֆորմացնելու ուղղությամբ, խնդրում եմ, շատ ուշադիր լինել:
ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Վարչապետը Կառավարության ծրագրերին ֆինանսաբանկային կազմակերպությունների մասնակցության խնդիր է տեսնում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուսումնասիրել բանկային ոլորտը և պարզել, թե ինչու որոշ կազմակերպություններ չեն մասնակցում Կառավարության սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերին։
Նիկոլ Փաշինյան - Եթե բանկերի կողմից ծրագրերին չմասնակցելը դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, ապա պետք է Կառավարությունը ևս իր վերաբերմունքը և քաղաքականությունը ճշգրտի։ Չեմ կարծում, որ դա ընդունելի մոտեցում է։ Պարոն Գրիգորյան, կարծում եմ, որ պետք է մեկամսյա ժամկետում ասեք, թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Եթե բան տեղի չի ունենում, ուրեմն պետք է որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ունենանք, որպեսզի այս հարցը վերջնականապես լուծենք:
ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարը նշեց, որ հուլիսից 1-ից քաղաքացիները ստանում են բարձրացված դրույքաչափով կենսաթոշակ:
Նիկոլ Փաշինյան - Պատմության մեջ առաջին անգամ ունենք, երբ նվազագույն թոշակը համապատասխանում է սահմանված նվազագույն պարենային զամբյուղին, այդ մեթոդաբանությամբ, պարենային նվազագույն կարիքները կարող են հոգալ: Եթե օգտվում են հետվճարի ծրագրից, ավելի բարձր ցուցանիշ կունենանք:
ՄՈՏ 314 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԼՈՌԻՈՒՄ ԵՎ ՇԻՐԱԿՈՒՄ 42 ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Մոտ 314 մլն դրամ հատկացվեց Լոռու և Շիրակի մարզերում կրթահամալիրների ու դպրոցների կառուցման նախագծերի համար: Լոռիում ընտրվել է 32, Շիրակում՝ 27 բնակավայր: Գումարը կուղղվի ընդհանուր 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի, 20 դպրոցի, 7 մարզական ու հանդիսության դահլիճի մասնաշենքի կառուցմանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ընդունված որոշումներն ընդհանուր վերաբերում են 50 հազար երեխայի, այս որոշումը դիտարկելով՝ արդեն 10 մարզ 172 հաստատության նախագծման համար հատկացրել ենք 1.6 մլրդ դրամ: Առաջիկայում կներկայացվեն Երևանի ցանկը:
Որոշումը բխում է մինչև 2026-ը 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել-վերակառուցելու Կառավարության ծրագրից:
Նիկոլ Փաշինյան - Մենք մոտավոր գնահատական ենք տվել՝ հանրապետության բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին հասանելի դարձնել որակյալ կրթությունը:
1 ՄԼՐԴ 623 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 13 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 17 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարությունը 1 մլրդ 623 մլն դրամ հատկացրեց 6 մարզի13 համայնքում 17 սուբվենցիոն ծրագրերի համար: Այս տարի արդեն 10. 6 մլրդ դրամ է ուղղվել 185 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: