Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և հիմքեր կապահովի խաղաղության համար։ Պատասխանելով Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանի դիտարկմանը, թե հասարակության մեջ քննարկում կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, արցախցիների համար իրենց տանն անվտանգ և խաղաղ ապրելն ուղղակի ֆիզիկապես անհնար է լինելու, Քրիստինա Քվինը պատասխանել էր, որ իրենք հավատում են և հույս ունեն, որ դա հնարավոր է, իսկ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն։
«Բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը»,- նշել էր դեսպան Քվինը:
«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,- ասել է դեսպան Քվինը։