Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիանոլ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին:
«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները, պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ մեկնաբանություններով: Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի:
Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավարություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան:
«Արդեն վաղուց Հայաստանի Կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է 3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի էլ պատրաստվում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային և տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն:
Ադրբեջանը չի անում սա, և Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,- ասաց նա: