Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի:
Մասնավորապես, վարչապետը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է: Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից: Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:
Լեռնային Ղարաբաղին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից: Միևնույն ժամանակ, տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում հատկապես Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները, մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի: Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է:
Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում: Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մասն է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին:
Այս առումով, Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին: Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասեցական հնարավոր գնահատականները կանխելն է: Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք:
Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով: Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի: Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան: Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն: Ադրբեջանը չի անում սա, և Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից:
Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով: Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ,
Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոնոցիոնալ առումով՝ խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով: Շնորհակալություն»: