Ընդամենը մի քանի վայրկյան, ու Հայաստանում առկա այս միակ սարքը չափում է խողովակի կամ ցանկացած մետաղական կոնստրուկցիայի և անգամ մեքենայի մետաղի հաստությունը: ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները մի քանի դեպքերով արդեն պետությանը պատճառված հարյուրավոր միլիոնների վնասի վերաբերյալ եզրակացություններ են տվել:
Մենք որևէ սարքի օգնությամբ մաքրում ենք տվյալ մակերևույթը, ունենում ենք հարթ մակերես՝ արդեն խողովակի մակերեսը: Դրանից հետո միացնում ենք սարքը, հետո կատարում ենք սարքի ճշգրտում որևէ հեղուկի օգնությամբ: Կարողանում ենք մակերևույթի ճշգրտմամբ ստանալ արդեն այն տվյալը, որը որ մեզ երաշխիք է, որ տվյալ սարքը ճշգրիտ է աշխատում, քանի որ տվյալ էտալոնային նմուշի հաստությունը 4 մմ է:
Ստուգումից հետո նույն գործընթացը արդեն հետազոտելի մակերևույթի հետ է արվում: Նախաձեռնված ցանկացած վարույթի պարագայում քննչական մարմինը դիմում է փորձագիտական խմբին՝ ապրանքի իրական գինը արագ և ճշգրիտ պարզելու և պետությանը պատճառված վնասը հաշվարկելու համար: Սարքի սխալանքը հասցված է նվազագույնի:
Հովհաննես Գաբրիելյան (ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ) - Սա նաև կարևոր ա այն առումով, որ ապամոնտաժելու, կտրելու, նոր կիրառելու անհրաժեշտությունը բացակայում ա, որևէ հանցագործության հետևանքով եթե պատճառվել ա վնաս, և այդ խողովակները տեղափոխվել, տեղադրվել են, որը որ պատկանում է տնտեսվարողին, անհրաժեշտությունը բացակայում ա խողովակաշարքը կտրել, հաշվարկել պատի հաստությունը, հետո քաշը:
Խոսքը հիմնականում այն դեպքերի մասին է, երբ գույքը էական ցածր գնով է օտարվել: Քիչ չեն նաև գողության դեպքերը, որի վնասների իրական չափը կրկին այս սարքով է որոշվում: Սա հատկապես կարևոր է կրկնակի փորձաքննությունների ժամանակ: Եվս մեկ նոր ուղղություն էլ ունեն՝ մտավոր սեփականության ոլորտի փորձաքննություններն են:
Աննա Հարությունյան (ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ) - Հիմնական շեշտը, որ դրվել է քրեական վարույթների շրջանակներում, դրանք շփոթության աստիճանի նմանության պարզումը և դրա հետևանքով պատճառված վնասի չափի հաշվարկման մեթոդաբանության ներդրումն է:
Ցանկացած փորձաքննություն կամ վնասի չափի հաշվարկում կատարվում է գիտական հիմքով ու մեթոդաբանությամբ: Գործարկել են նաև տեղեկատվական բազա և ամեն ամիս հարյուրավոր ապրանքների շուկայական արժեքները մուտքագրում են համակարգ, որը տարիներ հետո կօգնի արագ պարզելու՝ տվյալ գույքը որքան է արժեցել հանցանքը կատարելու պահին:
Հովհաննես Գաբրիելյան - Փորձագետները, նաև ես, մասնակցել ենք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական օբյեկտներին պատճառված վնասի հաշվարկմանը, դեպքի վայրերի հետազոտմանը՝ վարույթն իրականացնող մարմինների հետ համատեղ զննվել են 2313 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ՝ բնակելի տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, քաղաքացիական ավտոմեքենաներ, նաև կենսաբազմազանության օբյեկտներ:
Այստեղ են հաշվարկում պետությանը պատճառված վնասը՝ նախաձեռնված վարույթների գրեթե բոլոր դեպքերում: Խոսքը թե՛ պարենային ու ոչ պարենային ապրանքների, թե՛ շարժական ու անշարժ գույքի օտարման դեպքերի, շինարարությունների, անօրինական ճանապարհով երկիր մտած ցանկացած ապրանքի մասին է: Աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար էլ պարբերաբար նոր սարքավորումներ են ձեռք բերում, իսկ փորձագետներին ուղարկում արտերկիր՝ վերապատրաստումների: