Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` հունվար-մայիսին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 2 մլրդ 480 մլն դոլար, սա 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 95 տոկոսով, իսկ 2021-ի՝ ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 17.7 տոկոսով:
Գերակշիռ մասը՝ 73.9 տոկոսը, Ռուսաստանից է, 10 տոկոսը` ԱՄՆ-ից, մնացածն` այլ երկրներից: Ցուցանիշները Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է վերլուծում:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ակնհայտ է, որ ռուսական հակամարտության արդյունքում բավականին ծանրակշիռ է ռուսական ներհոսքի դերը, բայց մոտ 30 տոկոս էլ այլ երկրներից է ներհոսքը, որը գալիս է` ապացուցելու, որ` այո, բնական զարգացում մենք ունենք, գումարվում են նաև հակամարտության արդյունքում ներհոսքերը:
Հայաստան մտած գումարից զատ` 1 մլրդ 713 մլն դոլար է կազմել մեր երկրից փողի արտահոսքը: Մասնագետների կարծիքով՝ այս երևույթը դրական չէ, քանի որ գումար է գնում երկրից: Առկա տվյալներն, ըստ Նարեկ Կարապետյանի, խոսում են այն մասին, որ այս դեպքում Հայաստանի միջոցով տարբեր գործարքներ են իրականացվում, ու մեր երկիրը կապուղու դեր է ստանձնել:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - ՀՀ բանկային համակարգը ինչ-որ առումով միջնորդի դերակատարում է ստանձնել ՌԴ-ի հետ տարածաշրջանում իրականացվող բանկային գործառնությունների առումով, և կարծես թե թվերն էլ հուշում են, որ էս պատկերը իրականություն է, այսինքն` իրականում դեպի Հայաստան ներհոսքեր են լինում, որոնք հետագայում դեպի այլ երկրներ են ուղղորդվում:
Այս իրավիճակի հիմնական շահողը բանկային համակարգն է, որը բարձր շահույթ է գրանցում փոխանցումներից:
Նարեկ Կարապետյան - Այսինքն` անգամ եթե այդ գումարները գալիս են ու չեն մնում տնտեսությունում, այսինքն` լրացուցիչ պահանջարկ չեն գեներացնում, բնականաբար, մենք այստեղ գործ ունենք բիզնես գործարքների հետ, որտեղից էդ գործարքն իրականացնողը մարժա է ունենում, և դա մնում է մեր տնտեսությունում` որպես շահույթ, բաշխվում է, վերաներդրվում, մտնում մեր արտարժույթի շուկա, և, ի վերջո, դրա ազդեցությունը մենք տեսնում ենք:
Հայաստանի կենտրոնական բանկից նշում են՝ փոխանցումները սովորաբար ցուցաբերում են բարձր տատանողականություն, ինչի պատճառներից մեկն էլ ֆիզիկական անձանց առցանց առևտուրն է՝ դրսից:
ՀՀ կենտրոնական բանկ. «Հատկանշական է, որ նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած բարձր աճերից հետո դրանք ներկայումս դրսևորում են որոշակի կայունացման միտումներ` ձևավորված բարձր մակարդակներում: Միաժամանակ հարկ է նշել, որ դրամական փոխանցումների դերակատարումը ՀՀ տնտեսությունում նշանակալիորեն նվազել է, մասնավորապես` 2022թ․ զուտ փոխանցումների կշիռը կազմել ՀՆԱ-ի 7.7%-ը»:
Սերգեյ Բագրատյանը նշում է՝ հստակ չէ, որ հենց երկիր ներհոսած գումարն է արտահոսել, քանի որ ՀՀ-ում եկամուտ ստացող քաղաքացիներն էլ են օնլայն գնումներ կատարում, և վիճակագրության մեջ տարանջատում չկա: Բացի այդ, կան նաև մեր երկրից դեպի արտասահմանյան խաղային կայքեր փոխանցվող գումարներ: Պատգամավորը կարևոր է համարում այս հոսքերի պայմաններում ֆինանսական համակարգի կայունությունը, ընդգծում` պետք է այնպես անել, որ մեր երկիր եկող և մնացող գումարները տնտեսությունը կարողանա մարսել:
Սերգեյ Բագրատյան - Այսինքն` ստեղծել այնպիսի արտադրական հզորություններ, որոնք շարունակաբար կգեներացվեն՝ հարկեր, արտադրություն, արտահանման ծավալները կավելանան, և ամենակարևոր իմաստը այն է, որ այս գումարի մարսելու ունակությունը մեր տնտեսության, նաև դինամիկան կարողանանք պահել, ինչքան կտևի դա` չենք կարող գուշակել, դա աշխարհաքաղաքական խնդիր է:
Ըստ գլխավոր դրամատան գնահատականների` 2023 թվականի ընթացքում փոխանցումներն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կնվազեն՝ մասնակիորեն կրելով նաև գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման ազդեցությունները։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան