Կես տարում բյուջեն գերակատարվել է նախանշածից շուրջ 50 մլրդ դրամով կամ 4.7 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ՝ 19 տոկոսով: Հունվար-հունիսին Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 104 մլրդ դրամ հարկ և տուրք: ՊԵԿ-ից նշում են՝ աճն իրականում շատ ավելի մեծ է:
Զառա Մելքումովա (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - Մենք նախորդ տարի ունեինք պղնձի խտանյութի արտահանման համար սահմանված պետական տուրք, որը շուրջ 40 մլրդ էր կիսամյակի կտրվածքով, բայց որը ներկայումս՝ 23 թվականին, այլևս չի գանձվում, հետևաբար եթե այդ աճն էլ հաշվի առնենք, ապա աճը կազմում է ոչ թե 19, այլ 24 տոկոս:
Հարկային հավաքագրման նման տեմպերի վրա ազդել է տնտեսական աճի բարձր ցուցանիշը՝ ընդգծում է գործարար-տնտեսագետ Արթուր Սարգսյանը, այլ գործոններ ևս առանձնացնում է:
Արթուր Սարգսյան (գործարար, տնտեսագետ) - Պայմանավորված է նաև վարչարարական համակարգի արդյունավետության բարձրացմամբ և առհասարակ այդ վարչարարության արդիականացման հետ կապված, էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, ինչու չէ՝ նաև ստվերային աշխատուժի կրճատման, շուկայական մրցակցության բարելավման և նման այլ պատճառներով:
Հավաքագրումների մեծ մասը բաժին է ընկնում հարկերին, պետական տուրքերը և մաքսատուրքերը շուրջ 6 տոկոս են կազմում: Հարկատեսակներից Զառա Մելքումովան առանձնացնում է շահութահարկի ռեկորդային ցուցանիշը՝ 260 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 175.8 մլրդ էլ վերադարձվել է բիզնեսին և ֆիզիկական անձանց:
Զառա Մելքումովա - Որպեսզի ավելի ինքնուրույն ձևով կարողանան ինքնահայտարարագրել հարկերը, ավելի շատ այսպես ասած կանխարգելիչ գործողություններ ենք անում, ընդհանուր առմամբ հարկ վճարողների կողմից ինչքան ավելի շատ հայտարարագրումը կատարվի իրենց կողմից, այդքան ավելի քիչ ռեսուրս կծախսվի վարչարարության վրա:
Գործարարի համոզմամբ՝ հարկ վճարողի և հարկային տեսչական մարմնի աշխատակիցների միջև շփումը կրճատվել է, դա դրական փոփոխություն է որակում:
Արթուր Սարգսյան - Աշխարհի բոլոր երկրներում հենց էսպիսի համակարգով են արդյունավետությունը գնահատում, վստահությունն ա ավելացել հարկ վճարողների մոտ հարկային տեսչական մարմինների նկատմամբ:
Տարեվերջի համար հարկերի ու տուրքերի հավաքագրման նախանշած ցուցանիշը 2 տրլն 203 մլրդ դրամ է, ՊԵԿ-ի նախնական հաշվարկով՝ տարեկան ցուցանիշը ևս կգերազանցվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան