Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց նախկին գլխավոր դատախազ, հետախուզվող Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ և փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց այս գործով հայցային վաղեմություն կիրառել և մերժել դատախազության ներկայացված հայցը։
Վարազդատ Ասատրյան (Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ) - Գործի փաստերից երևում է, որ իրավասու մարմինը 08.10.2020 թվականին սույն գործի մասով եւս սկսել է ուսումնասիրություն, իսկ գործի շրջանակներում հայց հարուցել է միայն 21.12.2022 թվականին: Այսինքն` սահմանված 2-ամյա ժամկետից մոտ ամիս անց:
Ըստ փաստաբանի` այս իրավահարաբերության վրա չի կարող ազդել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝ «հետադարձ ուժ է տրվել» ուսումնասիրության առավելագույն ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի սահմանելու վերաբերյալ նորմին:
Հայցվոր, դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ, պնդեց՝ օրենքում կատարված փոփոխություններով 3 տարի ժամկետը տարածվում է նաև չավարտված ուսումնասիրությունների վրա:
Նելլի Տեր-Թորոսյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Գևորգ Կոստանյանին պատկանող գույքի առնչությամբ կատարվող ուսումնասիրության շրջանակներում ներկայացված հայցը երեք տարվա ժամկետում է ներկայացվել, այսինքն` 2020-ին կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում, 2022 ներկայացվել է հայցադիմում:
Ըստ դատախազի՝ հայցային վաղեմության մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ բռնագանձման հայցը հարուցվել է ուսումնասիրություն սկսելու մասին կայացված որոշումից ավելի քան 3 տարի հետո: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով: Դատախազությունը Կոստանյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 327 մլն 200 հազար դրամ, մոտ 174 միլիոն դրամ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ավելի քան 276 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով:
Կոստանյանը մեղադրյալ է Մարտի 1-ի գործով, հետախուզվում է 2019 թվականից:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան