ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Սահմանադրությունը պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականություններին մասին է, ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար՝ և՛ կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության: Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև: Այլ բան, որ դատաիրավական համակարգը միշտ չէ, որ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ է արձագանքում իրավախախտումների դեպքերին: Հանրային և պետական նշանակություն ունեցող բազմաթիվ դատաքննություններ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով տարիներով շարունակվում են՝ առաջացնելով արդարացի հանրային տարակուսանք: Քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների ոլորտում նույնպես տարակուսելի իրադարձությունների ականատեսն ենք դառնում:
Անկախ ամեն ինչից, դատաիրավական համակարգի բարեփոխումների կառավարության վճռականությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի ձևակերպման, սասանված չէ: Բարեփոխումների ընթացքը դանդաղ է, բայց առանց դադարի՝ նշել է վարչապետը, և դա արդյունքի հասնելու միակ ճանապարհն է:
Նիկոլ Փաշինյան - Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ, ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը: Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը:
Եվ քանի որ Սահմանադրության համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, վարչապետը ներկայացրել է մեր երկրում իրականացված սոցիալական ոլորտի փոփոխությունները:
Նիկոլ Փաշինյան - 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն աճել է 22 տոկոսով, բազային կենսաթոշակն աճել է 50 տոկոսով: 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար աշխատատեղ, աշխատավարձի ֆոնդն ավելի քան կրկնապատկվել է, միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով, նվազագույն աշխատավարձն աճել է ավելի քան 36 տոկոսով, պետպատվերով քաղաքացիներին մատուցված առողջապահական ծառայությունների թիվը կրկնապատկվել է:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձում նշել է՝ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։ Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է։ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ՝ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը, որովհետև իրավունքները, ազատություններն ու անկախությունը նախևառաջ բարձրագույն պատասխանատվություն են։
ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ. ՍԻՄՈՆՅԱՆ
Շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծել՝ Հայաստանն առաջ է գնում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ ու դիմակայելով անսպասելի արգելքների:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում և գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդը, ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հիմքում է դրել քաղաքացիական համերաշխությունը և համամարդկային արժեքներին հավատարմությունը: Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, և իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը:
ՈՒՂԵՐՁՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել նաև Սահմանադրական դատարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը: Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանի խոսքով՝ Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը: Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին: ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ նշել է, որ Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մարդու արժանապատվության անօտարելիության գրավականն է։