Իլհամ Ալիևը Բաքվում «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ հերթական անգամ մի շարք սադրիչ և սպառնալից հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա կրկին հայտարարել է, թե իբր Արցախում Հայաստանի զինված ուժեր կան: Ադրբեջանի նախագահը դարձյալ պնդել է, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է զինաթափվի և զորացրվի:
Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, ինչը, նրա խոսքով, իբր ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև այն մասին, թե իբր Հայաստանը Նախիջևանի հետ սահմանի երկայնքով օտարերկրյա ընկերության ներգրավմամբ վնաս է տալիս բնությանը և ոչնչացնում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը:
Ալիևի թիրախում է հայտնվել նաև Ֆրանսիան: Նա մտահոգություն է հայտնել, թե Փարիզը հայամետ քաղաքականություն է վարում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Ֆրանսիան հանդես է գալիս որպես հայերի պաշտպան, սակայն միաժամանակ չի հարգում էթնիկ փոքրամասնություններին սեփական երկրում: Ալիևը նաև Փարիզին մեղադրել է այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար: